Նախկին կառավարությունները երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքն արդյունավետ չեն օգտագործել. Վահագն Խաչատրյան


15:20 , 18 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Գործող իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի՝ բարեփոխումներն իրենց նպատակին, տրամաբանությանը հասցնելու համար։ Այս մասին «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝  Հայաստանում առկա պոտենցիալն արդյունավետ օգտագործելու դեպքում երկրում հաջողություններ կգրանցվեն։ 

«Իրականում, երբ բարեփոխումներ են կատարվում երկրում, միշտ դիմադրողներ լինելու են։ Երբ 1990-ականներին բարեփոխումները մի պահ կանգնեցին, որը հիմնականում պայմանավորված էր քաղաքական ընդդիմախոսների կեցվածքով և դժվարություններով, այդտեղից սկսվեցին նաև մեր անհաջողությունները։ 1998 թվականի  նոր իշխանությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների չգնաց, դրանով մինչ այդ արված բարեփոխումները մոռացության մատնվեցին և ժամանակի ընթացքում ուղղակի  սպառվեցին»,- նշեց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նրան Հայաստան այցելելու հրավերին: Տնտեագետը նշեց, որ իրեն հաճախ են հարցնում՝ միթե՞ Հայաստանի տնտեսագիտական միտքն այդքան տկար է, որ Աճեմօղլին պետք է գա, սակայն, ըստ նրա, իրականությունն  այն է, որ նախկին կառավարությունները երբևէ չեն օգտագործել տնտեսագիտական միտքը:

«Իրականում ես գտնում եմ, որ նախկին իշխանությունները, կառավարությունները  երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքը  արդյունավետ չեն օգտագործել: Այդ միտքը ոչ մի տեղ չի օգտագործվում: Խոսքը Աճեմօղլուն չի վերաբերում: Չեմ կարծում, որ այն խորհրդատվությունը, որ շատ դեպքերում տալիս են, դրանց մասին մեզ մոտ գրված չէ: Ուղղակի դա երբեք չի ուսումնասիրվում, չի օգտագործվում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ