Մտավորականների կարծիքով՝ նոր կառավարությանը պետք չէ խանգարել


14:40 , 18 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում իշխանափոխության ուղղությամբ արված է առաջին գլխավոր քայլը, սակայն դեռ բավական ժամանակ կա, որ իշխանությունն ամբողջությամբ հնարավոր լինի ենթարկել նոր ձևավորվող իշխանությանը: Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

«Դրա համար բավական գործ կա անելու, պետությունն այնպես են ավերել ու այլանդակել, որ արագ հնարավոր չի լինի, հուսով եմ՝ քայլերը արվում են ճիշտ: Գուցե մեզ թվում է՝ քայլերն ուշացումով են արվում, բայց իմ գնահատականն է, որ դրանք արվում են, և կարծում եմ՝ անպայման հաջողելու ենք»,- ասաց նա:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծիքով ՝կա ժողովրդական հսկայական վստահության քվե ստացած վարչապետ և ժամանակավոր կառավարություն: Նա հիշեցրեց՝ այս թավշյա հեղափոխության հիմնական, առաջնահերթ խնդիրը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են:

«Ես սա շատ եմ կարևորում: Ինչպես ասում են՝ պիտի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, որ լինեն այն փոփոխությունները, որոնց սպասում ենք, որոնց համար պիտի դիմանանք ինչ-ինչ խնդիրների»,- ասաց նա:

Խոդիկյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը քաղաքական համակարգ չունի, այն համակարգը, որի վրա հենվելով՝ հնարավոր է անել այն փոփոխությունները, որոնց սպասում են բոլորը, և որոնք կարող են զարգացման գրավական լինել: Դրամատուրգը նշեց, որ մարդիկ ուզում են՝ քսան-երեսուն տարիների, անգամ խորհրդային ժամանակներից եկած խնդիրները միանգամից լուծվեն, վարչապետը մի զանգով լուծի դրանք:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ