Լուսանկարն արված է «վայ-խարարի» կաբինետից


12:30 , 18 մայիս, 2018

Hraparak.am-ը գրում է.

Այսօր մեր թերթում տպագրված լուրը վրդովվեցրել է Սփյուռքի երիտասարդ նախարարի ֆանատներին։ Նրանք մեզ մեղադրում են անանուն նամակ տպագրելու համար։ Այո, նամակի հեղինակները խնդրել են իրենց չբացահայտել եւ դա նրանց իրավունքն է։ Աղբյուրի բացահայտման հարցում մենք չափազանց ուշադիր ենք, դա մամուլի պարտականությունն է եւ անգամ այդ հարցով դատական երկար պրոցես է եղել, քրեական գործ է հարուցվել ու վերջապես՝ Սահմանադրական դատարանը հստակ սահմանել է, թե որ դեպքերում է մամուլը պարտավոր բացահայտել իր աղբյուրը։ Դրանք միայն ծանր հանցագործությունների բացահայտման դեպքերն են, մյուս բոլոր դեպքերում մենք, անգամ քննչական մարմիններին, պարտավոր չենք ներկայացնել մեր աղբյուրի կոորդինատները։

Ինչ վերաբերում է նամակի իսկությանը, որը մենք ճշտել ենք երկու աղբյուրից՝ նախարարությունից հեռացող մի պաշտոնյայից եւ դեռեւս աշխատող մեկ այլ պաշտոնյայից։ Հասկանում ենք, որ նոր իշխանություններին ծառայություն մատուցելու ցանկությունը ոմանց մոտ շատ մեծ է եւ նրանք իրավունք ունեն կասկածել մեր հրապարակման իսկությանը, որը բացառապես ուղղված է հանրային շահին ծառայելու մեր առաքելությանը։ Ուստի եւս մի ապացույց ենք ներկայացնում ընթերցողին, որը կարծում ենք կփարատի ավելորդ կասկածները։

Նամակի գլխավոր միտքն այն էր, որ նախարարն իր կաբինետը դարձրել է իր ընկերների հավաքատեղի, որտեղ նրանք ժամերով «լռվում» են եւ նախարարության աշխատակիցները չեն կարողանում մտնել նախարարի մոտ կոնկրետ հարցերով։ Նրանցից ոմանք օրվա մեջ մի քանի անգամ գնում են նրա ընդունարան եւ տեղեկանում, որ «նախարարը զբաղված է», իսկ երբ նա վերջապես ընդունում է նրանց, ապա ստիպված են խնդիրները զեկուցել նրա ընկերների ներկայությամբ։

Այս լուսանկարն արված է նախարարի առանձնասենյակից, որտեղ ջահելները հարմար տեղավորվել են ու անգամ սելֆիներ են անում։