Օտարալեզու դպրոցների դեմ պայքարի երկրորդ ալիքն է բարձրանում


11:50 , 10 մայիս, 2013

Ոնց որ թե բարձրանում է օտարալեզու դպրոցների դեմ պայքարի երկրորդ ալիքը՝ կապված Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրի հետ:
Ինքս էն գլխից էլ եղել եմ ավելի շատ կողմ, քան դեմ օտարալեզու դպրոցներ ունենալու գաղափարին ու մի քանի անգամ առիթ եմ ունեցել բուռն բանավեճերի մասնակցել այս թեմաների շուրջ: Հիմա էլ դիրքորոշումս էականորեն չի փոխվել․ եթե ուզում են, թող բացեն օտարալեզու դպրոցներ, պայմանով, որ դա չի արվի հայկական դպրոցների հաշվին:
Մինչդեռ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը հայտարարել է, որ սա արվում է ռուսաց լեզվի պայմանները բարելավելու համար ու ի սկզբանե էլ «Լեզվի մասին» օրենքը փոփոխելն արվել էր, որպեսզի ռուսական դպրոցները վերաբացվեն: Կարճ ասած, կտրականապես դեմ են․․․
Լավ, հիմա հարց․ եթե Ռուսաստանի փողերով էդ դպրոցները բացվեն, ի՞նչ ահավոր բան կա դրա մեջ: Ի՞նչ անպայման է ամեն անգամ ռուսաֆոբիայի կամ ընդհանուր քսենոֆոբիայի հողի վրա փորձել սահմանափակել այլոց իրավունքները: Դուք չեք ուզում, որ Ձեր երեխաները գնան օտարալեզու դպրոց՝ մի տարեք, ուրիշը կարող ա ուզի տանել, ու ինչո՞ւ նա չպետք է ունենա այդ հնարավորությունը:
Հարց երկրորդ․ որ հիմա Ռուսաստանում նույն տրամաբանությամբ բռնեն ու փակեն այնտեղ գործող հայկական դպրոցները, նույն մարդիկ իրենց կրծքին խփելով չե՞ն գոռալու, որ ռուսները հայաֆոբ են, քըխ են, ուզում են մեզ ասիմիլացնեն․․․ Մի խոսքով, միախառնվել են երկակի չափանիշներն ու ազգայնամոլությունը: