Ամենավտանգավոր գիրքն աշխարհում. ո՞րն է դրա առանձնահատկությունը


22:45 , 16 մայիս, 2018

Աշխարհում ամենավտանգավոր գիրքը կրում է «Մահվան պատերի ստվերները» անվանումը: Դրանում չկան սարսափելի անեծքներ, այն անիծված չէ և մահացու զենքի ստեղծման համար նախատեսված ձեռնարկ չէ: Ըստ էության, այդ գրքում տեքստ ընդհանրապես չկա, սակայն բոլոր 86 էջերը մարդկության համար մահացու վտանգավոր են:

Բանն այն է, որ գրքի յուրաքանչյուր էջը 150 տարվա պատմություն ունեցող պատի պաստառի մի կտոր է՝ պատված մկնդեղով:

Արտասովոր գիրք ստեղծելու միտքը հղացել է Ռոբերտ Քեձիի մտքում, ով զբաղվում էր թղթի թունավորության հարցով: 19-րդ դարում թղթերը ներկում էին գունայութերի միջոցով, որոնցից մեկն էլ մկնդեղն էր:

Համաձայն Ամերիկայի բժշկական ակադեմիայի՝ 4 տարվա ընթացքում հավաքված այս պաստառների մեծ մասը, որոնցով պատված էին Ամերիկայի տները, ներկված էին գունանյութով, որի պարունակության մեջ մկնդեղ էր մտնում:

Թունավոր ներկի «հայտնիությունը» բարձրացավ, երբ մկնդեղով լի ներկը, որը պատի պաստառներին հաճելի կանաչ երանգ էր հաղորդում, էժանացավ: Ներկը, պոկվելով պատերից, փոշու տեսքով նստում էր կահույքի, սպասքի վրա, ընկնում էր սննդի և մարդկանց թոքերի մեջ:

Մարդիկ ծանր թունավորումներ էին ստանում: Այդպիսի մի դեպք գրանցվեց Մանչեսթերում: Էմմա անունով իննամյա աղջնակի սենյակում ծնողները վերանորոգում էին իրականացրել և պատերին վառ կանաչ պաստառներ էին փակցրել՝ հետաքրքիր պատկերներով: Աղջիկը սկսել էր հիվանդանալ ու թուլություն զգալ: Երբ նրան ուղարկել էին պանսիոնատ՝ բուժվելու, վիճակը բարելավվել էր: Սակայն երբ աղջնակը վերադարձել է տուն, առողջական վիճակը կրկին վատացել է: Ռոբերտ Քեձին պաստառներից նմուշներ է վերցրել և դրանցում հայտնաբերել մկնդեղի մեծ չափաբաժին: Պաստառները հանել են պատերից, և աղջիկը սկսել է իրեն լավ զգալ:

Ներկայումս այս գրքի ընդամենը երկու օրինակ կա: Դրանցից մեկը գտնվում է Միչիգանի համալսարանում և պահպանվում է հերմետիկորեն փակ տարրայում: Գրքի յուրաքանչյուր էջը մշակված է այնպես, որ չթունավորի շրջակայքը: Վտանգավոր հրատարակությունը թերթել ցանկացողները դա պետք է անեն ռետինե հատուկ ձեռնոցներ հագած:

Ամենասարսափելին այն է, որ մկնդեղով լի գունանյութերն օգտագործել են ոչ միայն պաստառներ, այլև երեխաների համար խաղալիքներ պատրաստելու համար: Բացի դրանից՝ մկնդեղը կիրառվել է կոսմետիկայի և անգամ քաղցրավենիքի պատրաստման մեջ: