22:24 , 9 մայիս, 2013
Տոնում ենք Շուշիի ազատագրումը, հիշում ենք հերոսներին, ուրախանում և տխրում միաժամանակ: Մեր ոգու հաղթանակն այն օրերին անուրանալի է: Գուցե այսօր շատերին ասելիքս տարօրինակ թվա, բայց այնուամենայնիվ ուզում եմ հիշեցնել նաև, որ Լաչինի գրավումով տևական ժամանակ անիրականանալի երազանք թվացող Արցախ-Հայաստան ցամաքային միջանցքի ստեղծումը բազմաթիվ մեր մարտիկների մոտ պատրանք ստեղծեց, թե պատերազմն այլևս ավարտվել է մեր հաղթանակով ու կարելի է զորանոցներից տուն դառնալ՝ ապրել խաղաղ կյանքով: Այդ հաղթական օրերին նաև շատերի համար սովորություն դարձավ ձեռքի սայլակներով, տարատեսակ թափքավոր փոխադրամիջոցներով ազատագրված՝ նախկինում ադրբեջանաբնակ քաղաքներն ու գյուղերը այցելելը: Տեսնողները գիտեն՝ ինչի մասին է խոսքը: Հիշենք, որ Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ ամիս անց կորցրինք Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը: Մեծագույն հաղթանակից հետո դառը կորուստ: Նպատակս, իհարկե, տոնական տրամադրությունը փչացնելը չէ, պարզապես կարծում եմ, որ հատկապես անվիճելի հաղթանակները հաճախ դառնում են վտանգավոր ինքնախաբեության և ժամանակավրեպ մեծամիտ ինքնագոհության առիթ: