Տիգրան Հայրապետյան մարդու մասին


21:52 , 7 մայիս, 2013

 

 

Տիգրան Հայրապետյանի Հայրենիքի գիտակցության վերլուծակերպի եւ վերլուծաբանական փորձառության մասին

Ով ողորմելի ուրախությունինչքա˜ն ցավալի բաներ ես դու...

Հովհ. Թումանյան

Տիգրան Հայրապետյանի (1964-1999) իբրեւ քաղաքագետի, միջազգայնագետ-վերլուծաբանի ցայսօր հրատարակված միակ ստվարածավալ Անապատի հազար տարի (Triade-Exploration 2001 London) ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ տաս տարվա (1990-99 թթ.) հայաստանյան եւ մերձտարածաշրջանային ազգային, պատմա-քաղաքական իրողությունների ընթացման եւ զարգացման ճանաչողական ժամանակաշրջանը, հիմնականում պատմության մեր չըսերտած դասերի նորովի մեկնաբանումն ու վերաիմաստավորումն է վաղամեռիկ քաղաքագետի կողմից: Նա մտքի հախուռն նպատակայնությամբ զատորոշում էր հայ հանրության առջեւ ծառացած այն խնդիրները, որոնք անցյալում լինելով անլուծելի, արդ, նույնպես մարտահրավերի իրենց տեսակը անփոփոխաբար հրամցնում էին մեր օրերին`հարմարեցված նույն ձեւաչափերով եւ բովանդակային անփոփոխությամբ: Ասել է թե, ազգային ճակատագրի, պետության կայացման, ժողովրդավարեցման գործընթացների, Հայաստանի` իբրեւ աշխարհքաղաքական գործոնի հետ առնչվող տարաբնույթ խնդիրները դիտարկելով տարածաշրջանային մարտավարական եւ ռազմավարական խորապատկերի վրա – խնդրահարույց համարելով հայության անվտանգության գործոնը – նա իր տեսակետները հիմնավորում էր «պատմական, աշխարհագրական, մարդաբանական եւ այլ փաստարկներով»: Փաստարկներ, որոնք հիմնովին պատճառաբանվում էին գործնական նշանակության եւ նշանառության իմաստավորված դրսեւորումներով: Եւ, որ ամենաէականն է` հիմնված կշռադատ, սթափությամբ` հիացնող, բանականությամբ` ճշգրիտ եւ ինչու չէ, նաեւ ուղղորդող հաշվարկների վրա: Ի վերջո, իսպառ զերծ` ազգային սնապարծության, կեղծ բարենորոգչական եւ այլ երանգավորումներից:

 

Հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային ոլորտներում նույնպես տարրալուծելի էր Տ. Հայրապետյանի վերլուծաբանական միտքն ու գաղափարների մատուցման ինքնաբուխ, ինքնարար կերպը: Քաղաքական վերլուծաբանության սուբստանցը առավել դյուրությամբ էր նրա կողմից վերահսկելի` միայն եւ միայն նրա հախուռն, գիտակցված գիտականության եւ նվիրումի շնորհիվ: Ընդհանրապես, այս կամ այն խնդրին անդրադառնալիս, քննական վերլուծումներից զատ նա առաջադրում էր իր տարբերակները, որոնք երբեմն կանխատեսություններ լինելով` իրավիճակային զարգացման համապատասխանություններով ապշեցնում են: Մանավանդ նրա մահվանից հետո հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցած գաղափարական, բարոյահոգեբանական դարձակետային նշանակություն ձեռք բերած փոփոխությունների առկայությամբ:

Ժողովրդավարությունը կամ գուցե` ժողովրդավարեցումը Տ. Հայրապետյանի` իբրեւ պատմա-քաղաքական իրողությունները սթափորեն գիտակցող, արժեւորող վերլուծաբանի համար ուներ ավելի քան էական, հայ հանրության համար ըստ այդմ սթափեցնող նշանակություն: Տակավին 1998 թ. Տ. Հայրապետյանը գրում է. «Այդ ու՞մ համար պարզ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է ինքնիշխանությունից, իշխանությունը անօրինականորեն բռնազավթված է, հանրապետությունում գործում է օկուպացիոն համակարգ, որն իր կոչմանը համաձայն գաղութացված տարածքն ու նրա բնակչությունը ենթարկվում են ալան-թալանի: Որքան էլ ցավալի է, սակայն ինչպեսեւ ցանկացած օկուպացիայի պարագայում, հանրապետության ներսում գործել եւ գործում է հինգերորդ շարասյունը...» (Անապատի հազար տարի, «Մոռանալ Հերոստրատին կամ վարչակարգի անկումը օրվա հրամայական», էջ 376):

 

Արդ, Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական ժառանգության մասին. բացառիկ առաքելություն է վերապահված «Տիգրան Հայրապետյան» Ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամին (նախագահ` Նազենի Ղարիբյան), մերօրյա պայմաններում սխրագործ առաքելություն, ընդհանրապես, քաղաքական եւ քաղաքականության ընդհանրացյալ զուգորդությունների վերաիմաստավորման նախանձախնդրության առումով: Տ. Հայրապետյանի Երրորդ աշխարհամարտի մատույցներում երկհատոր ուսումնասիրության Ռուսական խռովք առաջին հատորի առկայությունը արդեն իսկ խոսուն, համարձակ, սկզբունքային փաստ է` այս ճանապարհի շարունակելիությունը ընդգծող եւ շարունակականությունը արդարացնող-իմաստավորող: Այնքանով, որքանով որ նրա գիտական-քաղաքագիտական վաստակը համակարգված ամբողջականությամբ խորհրդածությունների մղող ու գործելու սթափեցնող նոր միտումներ է առաջադրում: Ահավասիկ, Ռուսաստանի` իբրեւ գերտերության եւ մեր տարածաշրջանում մշտաբար իր առկայությունը սպառնագին պահպանողի ճակատագրային պարագային: Այսպես է, այլ կերպ լինել չէր կարող. այս եւ հարանման խնդիրների անդրադառնալիս` Տ. Հայրապետյանը աշխարհքաղաքական-ճանաչողական այնպիսի տեսանկյուններից է դիտարկում ռուսական վերահասգործոնի չափաբերյալ անհրաժեշտության դերակատարությունը (ոչ միօրինակորեն ընկալվող) հայ իրականության մեջ, որ ըստ մեր ոգու եւ ազատության կազմաբանության` մենք նշմարում ու զանազանում ենք «ետխորհրդային ցնցումների էության» նշանակությունն ու «կովկասյան հանգույցի» մեր դիմադրողականության բնույթը: Եւ ռուսական ժողովրդավարության ու մեծապետական ազգայնամոլության մեր թակարդումի փակուղուց ելքեր գտնելու ճանապարհներ որոնում:

Տիգրան Հայրապետյանը նախանձախնդիր ու խորագետ ճամփորդ էր, պահը եւ ժամանակը բաղադրող, որ ծնվել էր «հակառակ առարկայական միջավայրի» եւ այդպես էլ զորեց ապրել...

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

Սկիզբը