Այ ԵԱՀԿ, էկել ես ստե, էս ազիզ օրով իմ ընտրությունները խոտանում ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես...


21:26 , 9 մայիս, 2013

Ինչ ուզում եք ասեք, բայց Սերժ Սարգսյանի բախտը չի բերում: Ամիսներ առաջ Եռաբլուրում ՀՀ քաղաքացի տիկինն էր համարձակվել նրա տրամադրությունը փչացնել, որի արդյունքում արժանացել էր «էկել ես ստե, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» «նախագահավայել» պատասխանին: Այսօր էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն է հրապարակել իր վերջնական զեկույցը նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում բացարձակ ասել է, որ Սերժ Սարգսյանին լավ կազմակերպված «ընտրվացրել» է պետական-վարչական ռեսուրսը իր բոլոր ինստրումենտներով` կառավարություն-գյուղապետարան-քաղաքապետարաններով, պաշտոնների տակ «տեղավորված» կրիմինալ-խուժանով, ընտրական օրենսգրքի տառով ու ոգով ընտրություն անելու կամքից զուրկ ԿԸՀ-ով, ընդդիմության բողոքները չորով մերժած դատարաններով, ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ դիտորդների աշխատանքին խոչընդոտած շուրջ 13 ԸԸՀ-ներով (41 ԸԸՀ-ների 1/3-րդում), գալչկայի համար քարոզարշավը ձեւականորեն, այլ ոչ թե բովանդակային լուսաբանած հեռուստաընկերություններով եւ այլն: Փաստացի, ասել են` տեղը տեղին կազմակերպել են ամեն ինչ, բայց ոչ ընտրություն: Ու սա ասում են Շուշիի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի տարած հաղթանակի օրը: Բա Սերժ Սարգսյնաը նորից չասի՞ «այ ԵԱՀԿ, էկել ես ստե, էս ազիզ օրով իմ ընտրությունները խոտանում ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես...»:

Կից նյութը