«Նկարիչների մաֆիան»՝ ընդդեմ ՀՀ նախագահի


19:13 , 9 մայիս, 2013

ՀՀ նախագահի մրցանակը տասներեք տարվա պատմություն ունի: Մրցանակի նպատակն է խրախուսել մի շարք ոլորտներում ստեղծված աշխատանքները՝ այսպիսով նպաստելով գրականության, արվեստի, հումանիտար գիտությունների հանրահռչակմանը, քարոզչությանը, հեղինակների հանդեպ պետական վերաբերմունքի խորացմանը: Տարիների ընթացքում նախագահի մրցանակի շրջանակներն ընդլայնվել են, կատարելագործվել են գնահատման սկզբունքները, մշակվել են կանոնակարգեր: Սակայն անցած ողջ տարիներիչի փոխվել վերաբերմունքը «Արվեստ» անվանակարգի և այդ անվանակարգում մրցանակներ շնորհող մասնագիտական-փորձագիտական հանձնախմբի կազմի մասին: Մրցանակի հիմնադրման առաջին օրվանից բազմիցս խոսվել է այն մասին, որ այս անվանակարգում ճիշտ չէ միավորել կերպարվեստը, կերպարվեստագիտությունն ու արվեստաբանությունը, թատրոնն ու կինոն, ճարտարապետությունն ու կատարողական արվեստի որոշ դրսևորումներ: Խոսվել ու քննադատվել է բազմաթիվ անգամներ, սակայն «Հայաստան» հիմնադրամի տնօրինությունը, ում գործառույթն է մրցույթների հայտերի ընդունումն ու մասնագիտական-փորձագիտական որոշումների կայացումը, անբացատրելի «երկչոտությամբ» վախենում է բարձրաձայնել մտահոգությունների և անհանգստությունների, հնչող քննադատության մասին: Եվ, կարելի է ենթադրել, որ երկրի երկրորդ և երրորդ նախագահները, ովքեր ստորագրել են համապատասխան որոշումները, տեղյակ չեն ամեն մրցանակաբաշխության ժամանակ ծնունդ առնող դժգոհությունների մասին: Տեղյակ չեն, որովհետև հիմնադրամի պատասխանատուները և «Արվեստ» անվանակարգի մասնագիտական-փորձագիտական հանձնախումբը վաղուց ի վեր ձևավորել են հակաարվեստային սկզբունքների մի ամբողջ «մեխանիզմ», որն էլ գործի դնելով՝ արդեն քանի՜ տարի արգելք են դրել արվեստի այլ տեսակների և այլ ստեղծագործությունների դիմաց՝ մրցանակը հիմնականում շնորհելով նկարիչների՝ միայն մեկ-երկու դեպքում՝ ճարտարապետների խմբի ու կինոգործիչների: Լսելով բազմաթիվ դժգոհությունների մասին` պատասխանատուները, այնուհանդերձ, չեն կամենում փոխել հանձնախմբի կազմը, որը գլխավորապես կազմված է նկարիչներից, արվեստաբաններից ու ճարտարապետներից: Այսինքն՝ ձևավորվել է այսպես կոչված «նկարիչների մաֆիան», որը «հերթագրել» է ծանոթ-մտերիմ նկարիչների և ամեն մրցանակաբաշխության ժամանակ հենց նրանց է շնորհում մրցանակները՝ այսպես սխալ պատկերացումներ ձևավորելով մեր արվեստի, մասնավորաբար թատրոնի և կինոյի մասին: Հեռու լինելով թատերարվեստից, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ առաջնորդվելով թայֆայական շահերով՝ այս հանձնախումբը բացարձակորեն պատերազմ է հայտարարել թատրոնին և կինոյին՝ յուրովի սեփականաշնորհելով նախագահի մրցանակը... Այս ամենի մասին ասվել է հիմնադրամի պատասխանատու Աիդա Խաչիկյանին, սակայն, հավանաբար, նա անզոր է դեմ դուրս գալ նկարիչների «մաֆիային», անզոր է պարտադրել հատվածական շահերով իրար գլխի հավաքված մարդկանց, որոնցից ոմանք դեռ վերջերս պայքարում էին Սոս Սարգսյանի գլխավորած թատրոնի կառուցման դեմ, կայացնելու ազնիվ ու ճշմարիտ որոշումներ... 2012-ին մրցանակաբաշխության էին ներկայացված երեք թատերական աշխատանք. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» և տողերիս գրողի ու Արմեն Խանդիկյանի «Ձուկն առանց ջրի» պիեսների բեմադրությունները Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Այս երեք բեմադրությունից ոչ մեկը հանձնախմբի, որում բացակայում են թատերական աշխարհի ներկայացուցիչները, հավանությանը չի արժանացել, երեք աշխատանքից առաջին երկուսը մերժվել են առաջին փուլում, իսկ «Ձուկն առանց ջրի» բեմադրությունը՝ վերջին փուլում: Որևէ հիմնավորում, մերժման որևէ պատճառաբանություն չի տրվում: Մենք խնդրեցինք Աիդա Խաչիկյանին՝ ներկայացնել հանձնախմբի որևէ պատճառաբանություն և հիմնավորում, սակայն պատասխանատու տիկինը խիստ կաշկանդված էր, ասելով, որ «Ձուկն առանց ջրի» բեմադրությունն արժանացել է բոլորի հիացումին ու բարձր գնահատականին... Արժանացել է... չարժանանալու որոշմանը... Մինչդեռ այս բեմադրության մասին բարձր գնահատականների պակաս չի զգացվել, հանձնախմբի դիտման օրը դահլիճում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով թատրոնի նուրբ և պահանջկոտ գիտակ է, իրենց հիացմունքն էին արտահայտում, բեմադրությունը համարում վերջին 20 տարիների մեր թատրոնի խոշորագույն ձեռքբերումներից, ժամանակակից կյանքի ու խնդիրների պատկերման եզակի իրողությունը մեր բեմարվեստում... Այս գնահատականներին չառարկեց նաև Աիդա Խաչիկյանը, սակայն անընդհատ պնդելով, որ ներկայացված էին նկարիչներ Հակոբ Հակոբյանը և Հենրիխ Էլիբեկյանը, որոնք էլ պիտի ստանային նախագահի մրցանակը: Ավելին, տարիներ շարունակ «Արվեստ» անվանակարգում եղել է միայն մի մրցանակ, սակայն այս տարի ավելացվել է ևս մեկը՝ Հենրիխ Էլիբեկյանին շնորհելու համար: Այսինքն՝ ի սկզբանե եղել են «հատուկ նշանակության» մրցանակներ, ուստի ամեն ինչ եղել է ձևական ու... սուտ: Հակոբ Հակոբյանն ազգային կերպարվեստի նահապետներից մեկն էր, ճշմարիտ դասական, որի «Սիրո պարտեզ» նկարաշարը, չունենալով նկարչի ստեղծագործության վատ դրոշմն իր վրա և կրկնելով 1970-80-ականների հիմնական սկզբունքները, այնուամենայնիվ մեծ նկարչի վրձնին պատկանող աշխատանքների շարք է: Մրցանակը շնորհվեց հետմահու: Ու մենք էլ մեր խոնարհումն ենք բերում մեծ նկարչի հիշատակին: Հենրիխ Էլիբեկյանի նկարաշարքն էլ մասնագետները համարում են նրա հետաքրքիր աշխատանքներից: Սակայն հարց է ծագում, ի՞նչ սկզբունքով են համադրության մեջ դրվել թատերական ներկայացումն ու նկարաշարերը, ինչպե՞ս է որոշվել, թե դրանցից ո՞րն է արժանի մրցանակի... Այս հարցերն ավելորդ են դառնում, որովհետև ի սկզբանե արդեն որոշված էր, որ քանի դեռ «նկարիչների մաֆիան» է կոչված գնահատելու, արվեստի մեկ այլ տեսակի ստեղծագործություն, անկախ իր գեղարվեստական բարձր արժեքից, չի կարող արժանանալ ՀՀ նախագահի մրցանակին...
Ստացվում է, որ մի խումբ մարդիկ գործում են ընդդեմ ՀՀ նախագահի, հեղինակազրկում նրա մրցանակը, հիասթափեցնում շատերին, այլևս իզուր դարձնում մասնակցությունը մրցանակաբաշխությանը... Եվ քանի դեռ «Հայաստան» հիմնադրամի պատասխանատուները լռեցնում են բոլոր դժգոհությունները և ամեն տարի նույն մարդկանց ընդգրկում հանձնախմբում, հազիվ թե կայացվեն ազնիվ ու շիտակ որոշումներ...