14:08 , 9 մայիս, 2013
Իմ սերունդն ամենալավն է հասկանում խաղաղության արժեքը, քանզի մեր մանկությունն անցավ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում։ Ինքս այդ տարիներին իմ մանկությունն անց եմ կացրել Հայաստանի հարավային սահման հանդիսացող Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, որը Նախիջևանի հետ գտնվում էր առաջին գծում, և ամենօրյա բախումների վտանգ կար։ Անընդհատ ռմբակոծություններն ու ռազմական վիճակը, զոհերը, որոնք եղան մեր հարազատների ու ընկերների շարքերում, ձևավորեցին մեր հոգեբանության մեջ խաղաղության գինը հասկանալու, միևնույն ժամանակ ամեն րոպե պատերազմին պատրաստ լինելու հոգեբանությունը։ Ես շատ կցանկանայի, որ մեր երեխաները չապրեին ու չունենային այն մանկությունը, որն ունեցանք մենք, և ուրախ եմ, որ մեր ավագների տոնած փայլուն հաղթանակի արդյունքում մեր փոքրիկներն այսօր արդեն ապրում են խաղաղ երկնքի տակ։
Ես շատ կցանկանայի, որ մեր հարևանները փոխվեին, որ լինեին ավելի հանդուրժող, և կարողանայինք մեր հարևանների հետ իրոք հարևանություն անել, հակառակ պարագայում՝ բախումներն ու պատերազմները լինելու են անխուսափելի։ Իսկ եթե պետք է ևս մեկ անգամ մենք բախվենք մեր հարևանների հետ՝ ապացուցելու համար, որ սա մեր պատմական հայրենիքն է և մենք ապրելու ենք մեր հայրենիքում, ես կցանկանայի, որ դա անեինք դարձյալ մենք, քանզի մենք մեր մեջ ունենք պատերազմը հաղթելու հոգեբանությունը, որպեսզի այդ ծանր բեռը չթողնենք մեր երեխաներին ու մեր թոռներին։ Բայց ես հուսով եմ, որ մեր հարևան ազերիների նոր սերունդը կլինի ավելի քաղաքակիրթ, ավելի ժողովրդավար և կհասկանա, որ մենք ուղղակի դատապարտված ենք կողք կողքի ապրելու, քանի որ մենք հարևաններ ենք։ Եվ ավելի ճիշտ կլինի, որ մենք կողք կողքի ապրենք որպես հարևաններ, ինչու ոչ՝ մի օր նաև որպես բարեկամներ, այլ ոչ որպես թշնամիներ։ Կյանքն ու պատմությունը ցույց են տալիս, որ այդ թշնամությունը բարիք ու բարօրություն չի բերում ազերի ժողովրդին, քանի որ մենք արդար ենք, և մենք միշտ էլ հաղթելու ենք։