17:00 , 8 մայիս, 2018
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է ՀՀԿ-ի՝ իշխանությունից ընդդիմություն վերաֆորմատավորմանը, հարցին, թե ինչ կեցվածք են ունենալու, արդյո՞ք իշխանությանը քննադատելու հարցում ունենալու են տաբուներ, և այլն:
-ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն այլևս ընդդիմություն է: Հեռացող քաղաքական մեծամասնության վերաֆորմատավորման այս մի քանի օրերի ընթացքում հասկացե՞լ եք՝ ինչ տիպի, ինչ տեսակ ընդդիմություն եք լինելու՝ արմատակա՞ն, չափավո՞ր: Դուք, օրինակ, արդեն 2 գումարման ԱԺ-ում եք եղել, տեսել եք բազմաթիվ և բազմակերպ ընդդիմություններ:
-Առհասարակ, չեմ կարծում, որ պետք է ածականներ դնել ընդդիմությանը՝ չափավոր, պետականամետ, կառուցողական, դրանք էական նշանակություն չունեն: Ընդդիմությունը քաղաքագիտական ձևն է, և մենք լինելու ենք ընդդիմություն, որը սպասարկելու է բացառապես Հայաստանի Հանրապետության շահը։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ և յուրաքանչյուր հարցի հիմքում ունենալու ենք Արցախի և Հայաստանի անվտանգությունը:
-Որպես հեռացող իշխանություն ունե՞ք ինչ-որ տաբուներ, որ, օրինակ՝ այս, այս հարցերում չեք կարող քննադատել Նիկոլ Փաշինյանին:
-Ոչ: Կոնկրետ ես չունեմ որևէ հարց, որի վերաբերյալ կաշկանդված եմ իմ կարծիքն արտահայտել: Բայց դա չի նշանակում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, դա նշանակում է, որ ընդդիմության իրավունքն է՝ քննադատել, և եթե մտածում եք, որ վաղը պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կամ իր նախարարներին անձնապես քննադատեմ, ապա ասեմ, որ եթե ապագայում լինեն քայլեր, որոնք համարեմ, որ քննադատության արժանի են, կքննադատեմ, ու եթե մտածում եք, որ որևէ մեկը կառավարությունից կասի՝ բա ձեր ժամանակ և այլն...: Քաղաքական ուժը նրա համար է, որ իշխանության մեջ իրեն պահի որպես իշխանություն, ընդդիմության մեջ՝ որպես քննադատող: Քաղաքական ուժը կրում է բացառապես քաղաքական պատասխանատվություն, և Հանրապետականը բացառապես քաղաքական պատասխանատվություն է կրել և դարձել է ընդդիմություն: Եթե որևէ մեկը հույս ունի է, որ ինչ-որ մեկը կարող է Էդուարդ Շարմազանովի բերանը փակել և ասել՝ վայ, դու էսպես, չարաչար սխալվում է: Ես էլ, իմ գործընկերներն էլ զավզակություն չենք անելու, անկապ հարցերի մասին չենք խոսելու, խոսելու ենք կշռադատված, փաստարկված ու բացառապես գաղափարների ու ծրագրերի շուրջ: Չի լինելու անձնավորված քննադատություն, անձնավորված թիրախավորում, լինելու է բացառապես քաղաքակիրթ պայքար ընդդիմություն-իշխանություն դեբատների, գաղափարական ու ծրագրային քննարկումների շրջանակներում: Առնվազն ես այդպես եմ կարծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։