Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանի նախագահական մասնաշենքում Թանկյանին դիմավորելու էին եկել «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքացիներ ու տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Օդանավից իջնելուց անմիջապես հետո Թանկյանը զրուցել է լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Դիմավորման ուշագրավ դրվագները ներկայացնում ենք BlogNews.am-ի ֆոտոշարքում:
- Համերգ նախատեսված չէ՞:
- Դժբախտաբար, ոչ: Չգիտեմ՝ համերգի վերաբերյալ բամբասանքը որտեղից է եկել, բայց...
- Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա՞, նշելու առիթ չկա՞:
- Եթե կարող է կիթառ նվագել, այն ժամանակ կմտածենք (կատակում է):
- Ինչո՞ւ ժողովուրդը ոտքի ելավ: Անընդհատ խոսվում էր հուսահատության մասին, եւ հանկարծ այդպիսի ալիք: Ի՞նչ կատարվեց:
- Քանի որ ժամանակը եկել էր: Երբ ժամանակը գալիս է, ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել:
- Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, երբ հետեւում էիք իրադարձություններին:
- Չէինք քնում, 2 շաբաթ է՝ չենք քնել, բոլոր սփյուռքահայերը, հավատացեք, հոգով-սրտով ամեն մարդ ձեզ հետ էր:
- Ձեզ եղե՞լ են կոչեր՝ հեռու մնալ, չգալ Հայաստան:
- Ոչ, երբեք:
- Լա՞վ եք զգում, հաղթահարե՞լ եք վիրուսը, որի մասին ասում էիք:
- Շնորհակալություն: Իր նման հազում եմ (ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին): Օդանավում ճնշում կար ձայնիս վրա, մի քիչ հիվանդ եմ, բայց այստեղ ենք ու թթի օղիով կվերջացնենք:
- Սպասելի՞ էր շարժման հաղթանակը:
- Այո: Երազանք էր, որ իրականացավ ձեզ հետ, եւ շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու համար:
- Նիկոլ Փաշինյանը հուսադրո՞ղ թեկնածու է:
- Շատ մեծ հույսեր ունենք Նիկոլի հետ: Ժողովրդի թեկնածու է: Միշտ աչքներս Նիկոլի վրա պետք է պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի: Նա արդեն ժողովրդից է ծնված, նրա ակտիվիզմը, պայքարելու սերը:
- Ինչպե՞ս կնկարագրեք իրավիճակը Հայաստանում:
- Ես հիասքանչ տրամադրություն ունեմ, ոգեւորված եմ, շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Շատ երջանիկ եմ, որ ձեզ հետ եմ: Շատ էի ցանկանում գալ, վերջապես ինձ բավականաչափ լավ էի զգում, որ կարողանայի գալ: Շատ ոգեւորված եմ, որ այստեղ եմ ու կարող եմ կիսել սա աշխրահի հետ:
- Ի՞նչ ասացիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջին պահին, երբ իջաք:
- Համբուրեցի (ծիծաղում է):
Հարցուպատասխանից հետո Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը շտապեցին Հանրապետության հրապարակ: Նրանք պլանավորվածից մոտ մեկ ժամ ուշացումով հասան այնտեղ, քանի որ ճանապարհի մեծ մասը ստիպված եղան անցնել ոտքով. մարդիկ ուղղակի փակել էին օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի