20:40 , 7 մայիս, 2018Tert.am-ը գրում է.
Մայիսի 9-ի եռատոնը մեր ամենանվիրական տոներից մեկն է և խորհրդանշում է կարևոր հաղթանակներ մի շարք սերունդների համար: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Շուշիի ազատագրումը նորանկախ պատմության առաջին և կարևորագույն հաղթանակներից մեկն էր, պատմական արդարության վերականգնում էր և վերադարձեց մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ասաց, որ այս տարին հոբելյանական չէ, դրա համար մեծ միջոցառումներ, շքերթներ նախատեսված չեն, այլ լինելու են ավանդական միջոցառումներ:
Նա հաղթանակի ձեռքբերման հարցում կարևորեց ժողովրդի մարտական ոգին և նշեց, որ 2016 թվականի ապրիլին ներկայիս երիտասարդ սերունդը ևս ապացուցեց, որ ունի այդ մարտական ոգին: Ըստ նրա՝ հաղթանակի ամենալավ գնահատականը մեր երկու պետություններն են:
«Շուշիի վերականգնումը ընթանում է: Շուշին շատ տուժել է պատերազմի ժամանակ և շատ բարդ է վերականգնումը մի երկրի համար, որի 60-70 տոկոսը ավերված էր պատերազմից, և Շուշիի վերականգնման համար ձեռնամուխ է եղել ողջ հայությունը: Շուշին հիմա կերպարանափոխվել է, անհամեմատելի է 20-15 տարի առաջվա հետ»,-ասաց նա և նշեց, որ Շուշիում գործում են ուսումնական հաստատություններ, թանգարաններ և կարծում է, որ ավելի մեծ ներուժ ունի այդ քաղաքը: Նա հույս հայտնեց Շուշիում կլինի համահայկական համալսարան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։