«Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր. «Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը»:
Սակայն պարզվում է՝ այսպիսի գործընթաց սկսելու շուրջ «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց համաձայնությունը դեռևս չեն տվել: Մասնավորապես՝ մեզ հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, թե սպասում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը, որից հետո ցանկանում են սկսել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
Ինչ վերաբերում է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նշենք՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում ամրագրված է.
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո՝ 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: