22:15 , 7 մայիս, 2013- Ձեր կանխատեսումներն ու վերլուծություններն առավելագույնս ճիշտ էին 1996-ին, քայլ առ քայլ իրականություն են դառնում նաեւ այսօր: Եթե կարող եք, անկեղծ եւ կարճ ՝ ինչ եք տեսնում այս իրադարձությունների խորքում:
- Կարճ եւ անկեղծ՝ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի: Դավադրություն, որ անշուշտ ծրագրավորվել է օտար մայրաքաղաքներում, իսկ մերոնք ընդամենը կույր գործիք են, ինչն իհարկե չի ազատում նրանց պատասխանատվությունից: Հիրավի, կույրերի կույր առաջնորդներ:
- Կարո՞ղ եք ավելի հստակեցնել, թե ո՛ր մայրաքաղաքների մասին է խոսքը եւ ինչ նպատակների է ուղղված դավադրությունը:
- Խոսենք այսբերգի երեւացող հատվածի մասին, կամ այլ կերպ ասած՝ օգտվենք բաց տեղեկատվությունից: Հայաստանում հունվարյան հեղաշրջման օրհնանքը ստացվեց Փարիզում ՝ Միջազգային Արժութային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի ղեկավարությունների հետ վարչապետ Քոչարյանի հանդիպումների ժամանակ: Ռոբերտ Քոչարյանն անձամբ արտահայտվեց այդ մասին Փարիզում, երբ լրագրողներին ասաց, որ նշված կազմակերպություններն իրեն վստահեցրել են, թե «Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ» Հայաստանի դիրքորոշման կարծրացումը չի խոչընդոտելու հանրապետություն օտարերկրյա դրամական հոսքին»: Սա առավել քան դուրս է անգամ դիվանագիտական ձեւակերպման սահմաններից: Թեեւ նախընտրական մրցավազքում պարոն Քոչարյանի քաղաքական կեցվածքն ու հայտարարությունները վկայում են, որ նրա խորհրդատուներն այնքան էլ մտահոգ չեն իրենց շեֆի ապագայով: Իսկ խոսքը, ինչպես գիտեք, բումերանգի ուժ ունի, եւ վաղ թե ուշ հատուցում է պահանջվելու:
Ես մասնագիտության բերումով քաջ ծանոթ եմ ՄԱՀ-ի ու Համաշխարհային Բանկի գործունեության պատմությանը, քաջատեղյակ եմ, թե աշխարհի քանի կետերում են նրանք ֆինանսավորել ժողովուրդների ողբերգությունը: Եթե մի կողմ դնենք առատ բառախաղերը, ապա հստակ կդառնա, որ Հայաստանի նախագահական ընտրություններում զանգվածներին պարտադրվել է «ձեր եւ ձեր զավակների կյանքը՝ մեր փողերի դիմաց» թալմուդյան գիտակցությունը: Նախազգուշացրել եմ նախօրոք եւ կկրկնեմ այսօր, որ հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարելու անօրինականության այս խրախճանքի դիմաց: Հազարավորները զոհ կդառնան ներքաղաքական տեռորին, իսկ տասնյակ հազարավորները ռազմաճակատներում ՝ անդառնալիորեն կորցնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրն ու Սեւանի ավազանին հարող տարածքների մի մասը: Բայց սա գործընթացի վերջում, իսկ առայժմ, ժողովրդական լեզվով ասած՝ մենք աշխարհի նկատմամբ «գողական ենք գնում»:
- Բայց դուք միշտ շեշտում եք, որ իրավիճակը կարելի է շտկել...
- Այո, կարելի է շտկել: Բայց դրա համար լիազորությունները պետք է տրամադրվեն պրոֆեսիոնալներին, իսկ առայժմ ապաշնորհությունների անվերջանալի շարան է՝ ապաշնորհ հեղաշրջում, ապաշնորհ մեկնաբանություններ ու քարոզարշավ: Արաբ մտածող Բուտրոս ալ-Բուստանին շատ դիպուկ է բնութագրել նման իրավիճակը. «երկիրը կործանվում է ժողովրդի անկրթության ու նրա առաջնորդների ապաշնորհության պատճառով»: Չգիտեն՝ թող հարցնեն, չեն հասկանում ՝ թող հեռանան եւ չխանգարեն:
Ինձ շատ են զանգահարում դրսից եւ հարցնում. մի՞թե ես չեմ հասկանում եւ չեմ մտահոգվում իրադարձությունների զարգացման հեռանկարով: Երկու օր առաջ զանգահարեց նաեւ «□Դանիական ռադիոյի» մոսկովյան թղթակից Յոն Կալդան եւ հարցրեց, թե տեղյակ եմ արդյոք Եվրոպայում սկսված հայաստանցիների դեպորտացիայի մասին եւ Հայաստանի դեմ նախապատրաստվող միջազգային սանկցիաներին: Եղբա՛յր, տեղյակ եմ ՝ հետո ի՞նչ: Տեղյակ եմ անգամ, թե ինչ հակաղարաբաղյան փաստաթղթեր են պատրաստվում ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի շրջանակներում: Փաստաթղթեր, որ առանց բարդությունների կպարտադրվեն Հայաստանի ապագա անօրինական իշխանություններին: Բայց եթե պետական բոլոր ինստիտուտները, ներառյալ Սահմանադրական եւ Գերագույն դատարանները, քաղաքական բոլոր ուժերը, մամուլն ու հեռուստատեսությունն ընդգրկված են գործընթացի մեջ եւ «հեղաշրջում – հեղաշրջում» են խաղում ՝ ինչպե՞ս դիմագրավել դրան: Ինչպես կասեր Շեւչուկը. " Боже, сколько правды в глазах государственных шлюх, Боже сколько веры в руках отставных палачей."
Գոնե միայն Սահմանադրությունը ոտնահարեին. Աստծո ուսմունքն են ոտնահարում: Դասականը կասեր՝ խիղճը գրպանները դրած ու հոգին սնդուկներին հանձնած՝ ազգային ջոջերը հերթական անգամ նոր գինին հին տկերի մեջ են լցնում: Թափվելու է, սիրելիներս, թափվելու է, եւ ո՛չ գինին կունենաք, ո՛չ տկերը: Բաղրամյան փողոցի վրա մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներն ավելի բարոյական են, քան առանձին պաշտոնյաները, լրագրողներն ու խմբագիրները: Աղջիկները գոնե ազգային անվտանգությունը չեն վտանգում: Մեծարգո լրագրողաևխմբագիրներ՝ հեռուստաեթերը րոպեով եք ծախում, թերթի էջերը՝ քառակուսի սանտիմետրով, իսկ վաճառքի ի՞նչ չափման միավոր եք նախատեսել ձեր հոգիների համար:
- Եթե անկեղծ, չե՞ք պատրաստվում հեռանալ Հայաստանից:
- Չգիտեմ, դուք արդյոք ուշադրություն դարձրել եք, որ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շուրջ անցուդարձի մեջ եւ ո՛չ մի անգամ չի հիշատակվել, որ 2000 թվականը նաեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձն է: Մինչեւ այսորակ նենգափոխությունները չհաղթահարենք, ո՛չ երկիր կունենանք եւ ո՛չ էլ իր Հայրենիքում ապրելու արժանի ժողովուրդ: Հայրենիքն աստվածային շնորհ է, եւ լքել Հայրենիքը նույնն է, թե հեռանալ Աստծուց: Եթե միայն նախագահի 12 թեկնածուներից մինչեւ վերջին ԺԷԿ-ի պետ կարողանային հասկանալ, որ իրենց գիտակից կյանքում ամենակարեւոր իրադարձությունը, որ կարող էր տեղի ունենալ, արդեն կատարվել է՝ Հիսուս Խաչ է բարձրացել ի քավություն բոլորիս մեղքերի:
Հայրենիքի սահմաններն առեւտրի առարկա լինել չեն կարող, եւ Ազատն, Անկախն ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք: Ցավոք, առայսօր մեր կամքն ու հնարավորությունները խեղդամահ են արվում զգացմունքային հայրենասիրության կապանքներով: Իսկ իրական հաղթանակի համար անհրաժեշտ է մեկընդմիշտ արձանագրել. սիրում են Աստծուն, Հայրենիքին ծառայում են: Մինչեւ կռապաշտ ֆիդայա-հերոսապաշտությունը չփոխարինվի Հերոս Պետության գաղափարով, ուր բոլորս նրա արժանապատիվ ծառաներն ենք՝ կշարունակենք մնալ գոյատեւման հերոսամարտերի դատապարտված շրջանակում:
- Եթե ձեր առաջադրած թեկնածուն չլիներ, ո՞ւմ կտայիք ձեր ձայնն առաջիկա ընտրություններում:
- Նախ, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այս ընտրությունները ո՛չ միայն կանխորոշված են իրենց ելքով, այսինքն՝ կարմրաևդարչնագույն Հայաստանի արձանագրման առումով, այլեւ անկախ արդյունքներից, Հայաստանը դուրս չի գալու ցուգցվանգային իրավիճակից, երբ ցանկացած գործողություն քո դեմ է: Մեր թեկնածուի առաջադրումը նպատակ ուներ մի վերջին հնարավորություն տալ ժողովրդին՝ պատռելու շարունակական ցուգցվանգի շղթան: Այս առումով մարտի 16-ն իսկապես համազգային գիտակցականության քննություն է, որ վախենում եմ ՝ չհանձնենք:
- Եթե ուզում եք՝ կարող եք չպատասխանել. չե՞ք վախենում, որ գործող համակարգը պարզապես կոչնչացնի ձեզ:
- Չեն վախենում միայն հիմարները: Բայց ո՛չ ես, ո՛չ հայ հասարակությունն ընդհանրապես իրավունք չունենք ստրկանալու վախի զգացումին: Յուրաքանչյուրս պարտավոր է կատարել իր պարտքը Աստծո եւ Հայրենիքի առջեւ: Ի վերջո ասված է, որ մինչեւ հատիկը չմեռնի՝ հասկը չի ծնվի:
- Ի՞նչ կուզեիք ավելացնել առանց հարցադրման:
- Կուզեի, որ հայ հասարակությունը հաղթահարեր կուտակված բարդույթները եւ արձանագրեր, որ ո՛չ տարաբնույթ կոմունիստները, ո՛չ տարաբնույթ ավանդականները՝ ՀՅԴ, ՌԱԿ, Հնչակներ, ո՛չ ՀՀՇ - «Ղարաբաղա» - կոմիտեականներն այլեւս ընդունակ չեն առաջնորդելու մեզ: Նրանք կարող են եւ պետք է լինեն քաղաքական ներկապնակի բաղկացուցիչները, բայց երկիրը 21-րդ դար պետք է առաջնորդի նոր ուժ, որ չի կրում պատմության մեղքի ծանրությունը: Ի վերջո, այդպես էլ լինելու է: Խնդիրն այն է, թե որքան շուտ եւ որչափ նվազագույն կորուստներով: Մի փնտրեք ողջերին մեռելների մեջ եւ թողեք, որ մեռյալները թաղեն իրենց մեռածներին:
Շրջան, 14.03.98
Հարցազրույցը տպագրվել է «Հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարելու անօրինականության այս խրախճանքի դիմաց» վերնագրով եւ խմբագրությամբ: Ընթերցողներին ենք ներկայացնում նախնական տարբերակը: