14:24 , 8 մայիս, 2013| Փորձագետ |
(երեկվա խոստացված նյութը)
Կուսակցության հավատարիմ ընտրողն ընտրում է առանց լրացուցիչ մոտիվացիայի (խոստումների, կաշառքի, հարևան-բարեկամի խնդրանքի): Լրացուցիչ մոտիվացիայի կարիք զգացող ընտրողն ընտրում է նրան, ում առաջարկածն առավել նպատակահարմար է ընդունել (փող, աշխատանք, լավություն և այլն):
Մեզանում տարածվում են ոչ թե ազգային-պետական արժեքներ, այլ բուրժուական արժեքներ: Երբ ընտրողն ուզում է լավ ճանապարհ, աշխատող վերելակ, մանկական հրապարակ և տանը կպած դպրոց ու մանկապարտեզ, ապա կներեք՝ դրանք բոլորը բուրժուական արժեքներ են (հարմարավետություն, կյանքից ստացվող անհատական հաճույք, կուշտ հաց ուտել, երեխաներին չհետևել և այլն): Դրանք բոլորը բուրժուական են, քանի որ ուղղված են ոչ թե Երևանում կյանքի ճիշտ կազմակերպմանը, այլ՝ հարմար կյանքի կազմակերպմանը: Իսկ դրանք տարբեր բաներ են: Ճիշտը մի կես կանգառ ոտքով քայլելն է, հարմարը՝ ամեն քայլափոխին կանգառ ունենալը, ճիշտը բակերում կանաչ տարածքներն են, հարմարը՝ ասֆալտն ու ավտոտնակը և այլն:
Երևանցին այս ընտրություններից, բնականաբար, ազգային-պետական (այսինքն՝ քաղաքական) ոչ մի ձեռքբերում էլ չէր սպասում, չէր էլ կարող սպասել՝ Երևանի ավագանու ընտրությունները նման բարձր՝ ազգային-պետական խնդիրներ լուծել չեն կարող:
Երևանցին ավագանու թեկնածուներից ակնկալում էր շատ պարզ բուրժուական բաներ՝ ավտոտնակի տեղ, ապօրինի շինության օրինականացում, 5-րդ հարկի վրա ավելացրած տարածքի սեփականաշնորհում, խանութի թույլտվություն և այլն: Երևանցին դա էլ ստանալու է, այդ նպատակով էլ մեկը շատ ձայն է ստացել, մյուսը՝ շատ քիչ: Քանի որ նա, ով երևանցուն ասում է՝ տարածք չե՛նք տալու, նոր շենքեր չե՛ք կառուցելու, երթուղայինի նոր գիծ չե՛ք բացելու, հարկերը մուծելու՛ եք և այլն, չի կարող ընտրվել բուրժուական արժեհամակարգի պայմաններում: