15:57 , 7 մայիս, 2013
Ինչ հետաքրքիր մարդիկ են մեր հայերը... Ամբողջ կյանքում կբողոքեն իրենց ընտրությունից...
...05.05.2013 թ.-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել եմ անկուսակցական դիտորդ Նոր Նորքում գտնվող 1/35 ընտրատեղամասում: Ուզում եմ նշել, որ ընտրատեղամասում ամեն ինչ անցավ հարթ, առանց խնդիրների և միջադեպերի: Այնքան հանգիստ էր, որ չկար արձանագրելու որևէ բան: Ոչ մի կեղծիք, ոչ մի իրարանցում... Այդպես շարունակվեց մինչև վերջ՝ մինչև ձայների հաշվարկման վերջն ու արձանագրությունները ԿԸՀ տանելը: Ինքս անձամբ հետևել եմ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի աշխատանքին ձայները հաշվարկելու ժամանակ և վստահորեն կարող եմ ասել, որ ոչ մի ձայն կեղծված չէր... Իմ տեղամասում քվեարկության եկավ 981 անհատ, որոնցից 587-ը իրենց ձայնը տվել էին Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ իշխող Հանրապետական կուսակցությանը...
Այդպես էր կարծես թե բոլոր ընտրատարածքներում, քանի որ Տարոն Մարգարյանը հաղթեց ձայների լուրջ առավելությամբ...
Երեկ ու այսօր արդեն բազմիցս լսել եմ տարբեր կարծիքներ ընտրությունների ու Տարոն Մարգարյանի հաղթանակի մասին. «Մեր մոտ լցրել էին, թե չէ ոչ մեկ չէր ընտրել դրան...», «Մեր մոտ սաղին առել են, ձենը 10 000 դրամ...», «Մենք չենք գնացել ընտրության, որովհետև մեկ ա, սաղ առած ա, սաղս էլ գիտենք ով ա նստելու...» և այլն... Ու արդեն մի տեսակ հոգնեցի նման խոսակցություններից...
Սիրելի ժողովուրդ, դուք մեղադրում եք բոլորին, բացի ձեզանից... Եթե դժգոհ եք ինչ-որ բանից, ինքներդ հասեք արդարության, ոչ ոք ձեր համար չի հրաժարվի իր բարեկեցիկ կյանքից... Թե ընտրակեղծիքները, թե կաշառքը, թե ընտրության չգնալը միայն ձեր մեղքն է... Գումար են առաջարկում՝ մի ծախեք ձեր ձայնը, կեղծիք են անում՝ մի փակեք ձեր աչքերը վախից կամ գործի անցնելու համար... Ու ամենակարևորը, եթե դուք նստում եք տանն ու մտածում եք, թե արդեն ամեն ինչ որոշված է, դուք գործում եք ամենամեծ սխալը... Ձեր ձայնը չափազանց կարևոր է... Պատկերացրեք, եթե նույն 1/35 ընտրատեղամասում ցուցակի 1996 հոգուց 981-ի փոխարեն ներկայանային 1900-ը և իրենց ձայնը տային իրենց ցանկացած թեկնածուին, հնարավոր է հենց այդ տեղամասից սկսվեին ձեր կյանքի փոփոխությունները, քանի որ վստահորեն այդտեղ ոչ ոք ոչ մի կեղծիք չէր արել...
Հ. Գ. Սիրելի ժողովուրդ, բողոքելու փոխարեն մի ծախիր քո ձայնը, մի վախեցիր քո ձայնի համար, գնահատիր քո ձայնը... Կողմնորոշվիր, դու դրա համար ունես արդեն 4 տարի ժամանակ...