Կուսակցությունները պատմությունից դասեր չեն քաղում


15:41 , 7 մայիս, 2013

                  Քաղաքական  մեկնաբան

Հայաստանյան քաղաքական ուժերի ամենամեծ խնդիրը՝ պատմությունից դասեր չքաղելն է, հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր ընտրական գործընթացից հետո, նույն ուժերը, բառացիորեն նույն բանը չէին կրկնի ու իրենց ասելիքներն ու անելիքները առավել հստակ կձևակերպեին:
Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանում ընտրական պրոցեսներն անցկացվում են այն մակարդակով, ինչպես արևմտյան Եվրոպայում: Ցավոք, պետք է փաստել, որ կան բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ընտրակաշառքի դեպքեր, ահաբեկումներ, որոնք տարբեր ծավալներով վերջին 2 տասնամյակում անընդհատ կրկնվում են:
Այս տեսանկյունից, իշխանությունն ու ընդդիմությունը շատ անելիքներ ունեն: Իշխանությունը պետք է հետևություններ անի ընտրական պրոցեսում նկատվող պրոբլեմներից ու միջադեպերից, և որ ամենակարևորն է՝ 2017-18 թվականների համապետական ընտրություններին ընդառաջ ընտրական պրոցեսների նկատմամբ հասարակության շրջանում վստահության մթնոլորտ ձևավորի:
Ընդդիմությունը յուրաքանչյուր ընտրությունից հետո այնպիսի տոնայնությամբ է խոսում առկա խնդիրների և ստեղծված անհարմարությունների մասին, կարծես թե, դրանց մասին հենց նոր է իմացել: Ցանկացած խնդիր ունի լուծում և դրան հասնելու համար ընդդիմությունը կտրուկ հռետորաբանությունից բացի պետք է հստակ գործողությունների անցնի:

Հաջողության հասնում են ոչ թե միմյանց խոյահարելու ու դիմացինի վերաբերյալ կտրուկ հայտարարություններ անելով, այլ հասարակության հետ ճիշտ աշխատանք տանելով: Ի վերջո, խախտումներ անողն էլ, ընտրողն էլ նույն հասարակությունն է: