Համարժեք պատասխան Սամվել Կարապետյանին և բոլոր նրանց, «որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն»


15:32 , 7 մայիս, 2013

 «Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է» (Գարեգին Նժդեհ):

Դժբախտաբար, բայց հատկապես վերջերս ստիպված եմ անդրադառնալու մի շարք «խնդիրների», որպիսիք անձնապես ինձ համար երբևէ առանձին մտահայումի նյութ չպիտի նկատվեին: Հենց միայն այն պատճառով, որ լայն իմաստով միշտ էլ գերադասելի է ժամանակը ծառայեցնել առավել կարևոր նպատակների ու վերլուծությանց: Այդուհանդերձ ուղղակիորեն ստիպված եմ (հուսամ, որ անդրադարձս ուշացած չէ)... Փոքրիշատե ճանաչելով մարդկային հոգեբանությունը՝ թերևս շատերն անգամ սեփական փորձառությամբ կհաստատեն, որ ամեն անգամ չէ, որ կարևորը, օգտակարն ու հաճելին համերաշխորեն ներդաշնակվում են: Այսուամենայնիվ, շատերին դժվար է առմիշտ հանդես բերել բավական սկզբունքայնություն և չզիջել առաջնայինի դիրքերը (պատճառները կարելի է ասել, որ բազում են): Այսկերպ նաև այն դեպքում, երբ մեր մտահոգությունները մի դեպքում` անհանգստացնում են մեզ, մի դեպքում` դառնում են անհրաժեշտություն, մի դեպքում` հաճելի: Բայց եթե մեկն իրապես արժևորել գիտե առաջնայինն ու երկրորդականը և զանազանել հարցադրումի և պատասխանի «առավելությունները», չի կարող պարզապես բավարարվել զուտ հաճելիով: Մյուս կարևոր հանգրվանը (որր ևս գաղտնիք չէ) այն է, որ մարդու համար երբեմն կարևորվում է ոչ այնքան ասվածը, այլ թե ով է ասել (այս խնդրին մեզանում ևս հայտնի անհատականություններ անդրադարձել են): Նաև սրանով պայմանավորված` մեր խոսքի սկզբին մեջբերեցինք մեծն Նժդեհի քաջահայտ խոսքը, ի սկզբանէ և ևս մեկ անգամ հայտարարելով, որ այո՜, մեր եկեղեցին ազգային կառույց է  (և ազգային է, և կառույց, և ոչ երբեք օբեկտ, որի տարբերությունն ու կարևորությունը ոմանք դժբախտաբար բավական ճաշակ չունեն նկատելու, ինչ է թե մի առիթով լսել են...ինչպես իրենք են ասում: Կասկածել եկեղեցու ազգային առաքելությանը, նույնն է թե` քննության առարկա դարձնել ցեղասպանության հարցը՝ մերժելով մեր բազմադարյան պատմությունն ու փորձելով հանդես բերել այլ մոտեցումներ, ինչ է թե մեկին-մյուսին չեն բավարարում փաստերը: Այս պարապայում ես էլ հարց եմ ուղղում. իսկ ի՞նչ է նշանակում «ազգային» կամ մի՞թե եկեղեցին (քրիստոնեությունը) չբերեց մեզ ազգային գաղափարախոսությունը): Դժբախտաբար, բայց հավասարապես մեզանում անհատական - անձնական և ընդհանրական դիրքորոշումները ևս հաճախակի շփոթմունքի առարկա են, քանի որ տարածված հոգեբանություն է դարձել կամայական մեկնաբանությունը: Ես իրապես դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչի հետևանք է այս. անուշեղեններով ու բռնազբոս ժպիտներով հագեցած աղանդավորական միջամտությա՞նց, կիրթ ճաշակի բացակայությա՞ն, թե՞ պարզապես մի կտոր հաց վաստակելու...
Ինչևէ. բուն անդրադարձիս առիթ են ծառայել պրն. Կարապետյանի որոշ հաճախադեպ պնդումները, որոնցով առլեցուն է համացանցը և որոնց համաձայն` վերջինս չի կարող կեղծիքի միջավայրում ապրել և քանի որ այլ ասող չկա, այդ պատճառով միայն, որ ինքն է ստանձնել ճշմարտությունը բարձրաձայնելու կարևոր «առաքելությունը». համաձայն վերջինիս (մեջբերումներս գրեթե տառացի են)՝ եկեղեցու կարիք մենք չունենք, քանի որ անգամ զարգացած երկրներում դրանք եթե չեն փակվում, ապա վերածվում են սրահների. եկեղեցին խավար է սերմանում` խեղկատակություն և հիմարություն, մեր եկեղեցին ասում է, որ ինքը մտահոգ է, որ աղանդների դեմ չի կարող պայքարել (և այդ ամենի պատճառը վերջինս տեսնում է նրա մեջ, որ եկեղեցին ազգային չէ, սկզբից ևեթ հավասար հարթության վրա դնելով եկեղեցին ու աղանդները. վերջում էլ նախապատվությունը տալիս է աղանդներին), որովհետև նրանք արյունով չեն մտել մեր երկիր, այլ ուղղակի խելացի ձևով խաբել են մեզ (որ եթե եկեղեցին ազգային լիներ, ազգը իր շուրջը կհավաքվեր ինքնաբերաբար), իսկ մի՞թե երբևէ այլ կերպ է եղել, որ աղանդը եկամուտ գաղափարախոսությունն է (շարունակ չկողմնորոշվելով «մենք»- ի ու «նրանք»- ի կիրառության մեջ իր զբաղեցրած տեղը, կոչ է անում գնալու դեպի լույսը, այդպես էլ չմեկնաբանելով երբևէ, թե որտեղ և ինչպես է տեսնում ինքն այդ լույսը, ու թեև մեր նահատակները նահատակվել են հանուն ոչնչի, այդուհանդերձ մենք պետք է բուժենք և ոչ թե ձերբազատվենք այս կառույցից. նկատի ունի եկեղեցին): Ամենամեղմ դիտարկումի համաձայն անգամ կարելի է ասել, որ սույն դիրքորոշումները փոքր ինչ անտրամաբանական են, անհիմն ու անպատասխանատու:
Պարզապես առաջին ու հուսամ վերջին անգամ է, որ պիտի անդրադառնամ այս հարդությանց. կասկածից դուրս է, որ Ս.Կ. ժամանակ առ ժամանակ բարձրացնում է նա՜և իրապես անհանգստացնող խնդիրներ (ինչպես` սեփական և որակյալ արտադրանքի սպառումը, ադրբեջանականի մերժումը, հայեցի և հայերենով հանդես գալը և այլն): Ես ոչ մի բարոյական իրավունք չեմ տեսնում կասկածելու վերջինիս անկեղծ մտահոգություններին, բայց և այնքան ժամանակ, քանի դեռ հաճախադեպ չեն այդ առիթները, քանի դա չի վերածվում համեստ ինքնագովության (ես հազարավոր քաղաքացիներից մեկն եմ, բայց ինչո՞ւ միայն ես պիտի անդրադառնամ... չեմ կարող կեղծիքի միջավայրում ապրել...իմ գաղափարները, չասեմ իմ գաղափարները, ճշմարտությունները և այլն): Եթե մի օր էլ լսեմ, որ Ս.Կ. «եհովայի վկա է» կամ մեկ այլ այլադավանության հետևորդ, չպիտի զարմանամ: Ս.Կ. պարզապես մասնահատուկ սեր ունի անդրադառնալու հատկապես իրեն չվերաբերող հարցերին (կարող եմ եզրակացնել, որ գուցե հետաքրքրությունից դրդված, բայց այդ դեպքում կարելի է ընտրել որևէ այլ եղանակ, քան օր` քաղաքավարի շանտաժը): Խոսքս «Ամենայն Հայոց» բնորոշման, բառիս բուն իմաստով` անտեղի «քննարկման», «աղանդ» բառի բացատրության մասին է. կարծում եմ, որ անգամ դպրոցահասակ մեկը կարող է լիովին բավարար կերպով մեկնաբանել բերյալ երկուսն էլ. և՜ թե ինչու, և՜ թե ինչպես: Հարևնման, դժբախտաբար, տարածում գտած տգետ ու անհասցե մեջբերումներին ու հղումներին, ասում է թե` 18-րդ դարում եվրոպացի գիտնականն ասում էր՝ իմ եկեղեցին իմ աստղադիտարանն է (մեջբերումը բառացի է), և զարմանալով շարունակում է` բա ու՞ր էին Նարեկավանքի կամ Ս.Կարապետի հրեշտակները, արձակու՞րդ էին, ընդմիջումի՞ էին: Այս տրամաբանությամբ ամենավաղը և ամենաշատը կարելի է աբսուրդի հասնել (պատկերացրեք, թե է՜լ ով,երբ, ում և ինչ է ասել). կամ Ս.Կ. ինչ-որ բան չի ըմբռնել, կամ` գրականության ուսուցիչն է «մեղավոր» և կամ ... Այլապես, հայ իրականության հետ կապված, անցած դարերից շա՜տ ավելի բան պիտի ունենար հիշելու մինչև 18-րդ դարը հասնելը: Այլազգի մեկը և մեկ անգամ չէ, որ անդրադարձել է մեր տեսակի ինքնատիպությանը: Եվ մեկ անգամ չէ, որ ինքներս ենք օրինակ ապահովել այլոց: Եվ ամենևին էլ կարիքը չկա, որպեսզի մեկն իր հոգեկան անհամերաշխությանը հագուրդ տալու համար հանդես բերի չպատճառաբանված հարցադրումներ ու ոչ պակաս անհարկի ու ցածրարժեք պատասխաններ. վասն ինչի՞:
Վերջինիս մոտ անպակաս են հակասությունները (երևի դա էլ հետևանք է նրա, որ մարդիկ, ի տարբերություն իրեն, դեռ հավատում են հրեշտակների և աղոթքի զորությանը). խոսելով «կաթողիկե» հայերի վերաբերյալ, ասում է, թե վերջիններս, ի տարբերություն առաքելական հայերի, զենք էին վերցնում և պետք է գոնե նրանցից օրինակ վերցնել... ապա շարունակության մեջ հետևեցնում, թե վերջիններս վերջացած վրացիներ են այլևս (վստահ եմ, որ մեր վրացի եղբայրներն ի բոլոր սրտե երախտապարտ կլինեն):
Մեր եկեղեցին երբևէ չի ասել, թե ինքն անզոր է պայքարելու աղանդների դեմ, ինչպես վերջինս է ներկայացնում: Մեր եկեղեցու մասին շա~տ բան կա ասելիք, սակայն համառոտակի կարելի է արձանագրել, որ առավել «զգուշավոր» ու ճշմարտությանը հետևելու օրինադիր մենք երբևէ չենք ունեցել: Մեր պայքարը մեր ժողովրդի հետ ու դեմ չէ, մեր պայքարն ուղղված է մեզ նմանի առաջնորդությանն ու հեռու պահելուն այն ախտից, որով վարակված է այսօր համայն աշխարհը. ինչն իրապես մտահոգող է (այնպես, ինչպես որ Ս.Կ. պահվածքը): Համաձայն եմ, որ ամենուր և ամեն անգամ միօրինակ կամ գուցե անհրաժեշտ հարթության վրա չի ներկայացվում ամեն բան. բայց մի՞թե դա առիթ է այդօրինակ քմահաճ վերաբերմունքի ու տերևաթափ մեկնաբանությանց: Միանգամայն հասկանալի է, որ Ս.Կ. վերջնականապես չի կողմնորոշվել նաև, թե քրիստոնեությունն իրեն համար առավելություն է, թե ոչ, և հայտնի չէ, թե վերջինս վերջնականապես մերժողական վերաբերմունք չի արտահայտում, որովհետև այն այդքան տարածվա՞ծ է, թե՞ պարզապես այլընտրանք չկա:
Ս.Կ. ներհատուկ և հոգեհարազատ է փաստերի լեզուն միայն ա՜յն ժամանակ, երբ ներկայացման ու մեկնաբանության իրավատերն ինքն է, այլապես դրանք ընդունելի չեն իրեն (ի՞նչ է սա, մի նոր աղա՞նդ): Չծածկելով, որ սուր հարցադրումների սիրահար է, Ս.Կ. իրավունք է վերապահում մի հարթության վրա դնելու մեր երեկվա ու այսօրվա սուրբ նահատակներին, քմահաճորեն խոսելու սրբոց մասին, չըմբռնելով, որ հաճախ և ամենուր մի շարք արտահայտչաձևեր գալիս են փաստելու հենց ա՜յն սուրբ զգացողությունները, որոնք այլ կերպ ասած`դժվար րմբռնելի են (և իրեն նմանի համար), բայց և սուրբ ու նվիրական: Հառիթ ես միայն մի խորհուրդ կուզենայի փոխանցել. եթե մեկն իրապես մտահոգ է մեր վաղվա օրով, թող որ կամ գոնե բավարար հարթության վրա ի հանդես բերի յուր «անհանգստությունները», կամ կառուցողական, ամուր գետնի վրա` համբերատար կերպով, որովհետև ամեն բան նախ`ժամանակ է ենթադրում, և կամ լռի թող, որովհետև հաճախակի շատախոսությունից խելքը չի ավելանում, ավելի՜ն ,տուժում է թե՛ միտքը և թե՛ արժեզրկվում է գաղափարը, անգամ սրբորեն փայփայվածը: Եվ թող ոչ մեկը չհամարի, թե ինքն ամենից ավելին է անում, ամենամտահոգն է կամ ամենաշատը գիտե: Մեր մտահոգություններն էլի մերն են, և կրկին մենք է, որ առաջն Աստված` պետք է ապահովենք դրանց անհրաժեշտ լուծումները...