«Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել». Արմեն Սարգսյան


13:59 , 23 ապրիլ, 2018

«Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման: Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել»,- ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի նախագահի գրասենյակը:

«Ուստի կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: