Այսօր Արմեն Սարգսյանը դարձավ Նախագահ, իսկ Էդմոն Մարուքյանը՝ լրջագույն քաղաքական լիդեր


23:00 , 21 ապրիլ, 2018

Եկե՛ք իրավիճակը գնահատենք սթափ ու տանք որևէ էմոցիաներից զուրկ ադեկվատ գնահատական ստեղծված իրավիճակին։ Իշխանությունների ու Նիկոլի դրույքները բարձրացել են ամպերից վեր ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ մաքսիմալիզմի ենք հասել։ Ի՞նչ հավանաբար սցենարներ են մնում՝ նշված իրավիճակում․

1․ Նիկոլը հաղթում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

2․ Իշխանությունը հաղթում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սա միայն առաջին հայացքից է այդպես, եթե էմոցիաներով ես մոտենում հարցին ու մաքսիմալիստական տեսանկյունից։ Անդառնալիության կարմիր գիծը դեռ կողմերը չեն անցել ու ի հայտ են գալիս երրորդ կողմեր։

Ես ուզում եմ ասել, որ ի հեճուկս իմ սկեպսիսին, Արմեն Սրագսյանն այսօր ապացուցեց, որ ինքը իրոք Նախագահ է, ով գուցե չունի լայն գործադիր լիազորություններ, բայց նա մարդ է, ով գալիս է Հանրապետության հրապարակ՝ լեցուն հազարավոր զայրացած, զզված, հոգնած (արդարացիորեն) մարդկանցով, այդ հազարավոր մարդկանց ներկայությամբ երես առ երես բանակցում է Նիկոլի հետ ու առնվազն ստեղծում է շանս՝ բացի նշված երկու կետերից՝ այլ այլընտրանքի։ Դա մեծ վճռականություն է պահանջում՝ թե՛ քաղաքական գործչի, թե՛ մարդու համար։

Ես ուզում եմ ասել, որ ի հեճուկս նրան, որ ես իմ ողջ գիտակից կյանքում, մեղմ ասած, չեմ համակրել քաղաքական օրիենտացիայի այն դիապազոնին, որին հարում են էդմոն Մարուքյանն ու իր թիմը, մեծ քաղաքական ու մարդկային խիզախություն է պահանջում հնչեցնել այն դիրքորոշումը, որ ինքն է հնչեցրել։ Իրոք մեծ խիզախություն է փորձելը մնալ մաքսիմալիզմից ու փողոցային պայքարից դուրս այսպիսի իրավիճակում, որովհետև Մարուքյանն էլ է վաբանկ գնում ու իր քաղաքական կարիերան դնում սեղանին։

Երկուսն էլ ինձ համար այսօրվա բացահայտումն էին, որովհետև այս ամենը վերջանալու է այս կերպ, կամ այն կերպ, կամ էլ երրորդ կերպ։ Ու ցանկացած պարագայում, մենք հիշելու ենք նրանց, ովքեր էմոցիաների շիկացման պահին փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն արյունից։ Ողջ հարցը նրանում է, թե հիշելու ենք ափսոսանքով՝ որ նրանց մոտ չստացվե՞ց, թե՞ նրանով, որ շնորհիվ նրանց, մենք խուսափեցինք ատելության ու ռեգրեսսի հորձանուտից։