Անխելք ու իրենց երկիրն ատող եգիպտացիները, լիբիացիներն ու ուկրաինացիները և խոհեմ ու հայրենասեր հայերը - 2


23:44 , 20 ապրիլ, 2018

Էս էլ իշխանությունների մասին եմ գրում։ Նշված բոլոր երկրների ղեկավարությունը սրբորեն հավատում էր դիալոգին ու Արևմուտքի սուրբ կովին։ Առաջնային խնդիրը թե՛ Մուբարաքի, թե՛ Քադաֆիի, թե՛ Յանուկովիչի համար Արևմուտքի հետ հարաբերություն չփչացնելն էր, որովհետև, ի թիվս տարբեր այլ գործոնների, հենց Արևմուտքում ու արևմտյան հասանելիության տիրույթում էին պահվում նրանց ակտիվների զգալի մասը։ Մյուս կրիտիկական սխալն այն էր, որ հավատում էին Արևմուտքի տված երաշխիքներին։

Արդյունքում՝ Սարկոզիին ֆինանսավորող ու 80 միլիարդ դոլար եվրոպական բանկերում պահող Քադաֆին սպանվեց ապստամբների կողմից ու ասում են, որ ապստամբների ձեռքում հայտնվել էր ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի գործողության արդյունքում։

Մուբարաքը քաղաքական մահկանացուն կնքեց ճաղավանդակների հետևում ցուցադրական դատավարությունից հետո։

Յանուկովիչին ռուսները մի կերպ հասցրին փախցնել Ռուսաստան, ու դա՝ հաշված ժամեր անց այն բանից հետո, երբ Մայդանի ղեկավարների հետ եվրոպական երաշխավորների ներկայությամբ Յանուկովիչը համաձայնվեց գնալ զիջումների։

Իրոք որ, ամեն ազգ ունի հենց այն իշխանությունները, որոնց արժանի է, ու ինչպես մարդիկ են սրբորեն հավատում, որ եգիպտացիք, լիբիացիք ու ուկրաինացիք տուպոյ մեռնում էին ու ատում էին իրենց հայրենիքը, այնպես էլ, կարծես թե, մերոնք են հավատում, որ կարելի է արդեն գործարկված Մայդանից դուրս գալ պայմանավորվելով՝ հարիֆացնելով եվրոպացիներին ու հատկապես՝ ամերիկացիներին։

Հ․Գ․ Իսկ այս ամենից կարելի էր խուսափել, եթե 2016-ից հետո ռեալ, զգալի ու առարկայական բարեփոխումներ արվեին, որոնք իրենց վրա կզգար ամեն հասարակ քաղաքացի։