11:30 , 7 մայիս, 2013![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը` աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար:
2013 թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը: Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին` որպես կամավոր մասնակից դառնալ ծրագրին: Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում:
ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է աշխատանքի ամբողջ կենսագրությունը: Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում: Գործատուն այսօր Հայաստանում, որպես կանոն, պահանջում է աշխատանքային փորձ, իսկ երիտասարդի համար կամավորի անձնագիրը հենց այդ փորձի վկայությունն է:
Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի։
Կամավորական աշխատանքն ընդունված է ամբողջ աշխարհում. այն տալիս է հսկայական փորձ, ծրագրեր նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու հմտություններ։ Բացի այդ՝ օգնում է բացահայտել և իրացնել սեփական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, ձեռք բերել համախոհներ ու գործընկերներ։ Կամավորությունը թույլ է տալիս երիտասարդին զգալ հասարակության լիիրավ անդամ ու մասնակիցը դառնալ հասարակական գործընթացներին։
Արդեն իսկ բազմաթիվ երիտասարդներ են միացել ՀԵՀ-ի նախաձեռնությանն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։
Նշենք, որ մեր երկրում չկա «Կամավոր աշխատանքի մասին» օրենք: ՀԵՀ-ն այս ծրագրով նպատակ ունի Հայաստանում զարգացնել կամավորական աշխատանքն ու նպաստել ոլորտի կանոնակարգմանը: