Որոնք են եղել պատմության խոշորագույն հեղափոխությունները


21:00 , 20 ապրիլ, 2018

Հեղափոխությունը ժողովրդի հիմնականում զինված ապստամբությունն է, որի նպատակն է երկրում գործող սոցիալական կամ քաղաքական համակարգի փլուզումը և նորի հաստատումը:

Հեղափոխություններն անկանխատեսելի են, քանի որ դրանք իրականացնողները կարող են հասնել իրենց առջև դրած նպատակին, սակայն կարող են նաև անհաջողության հասնել և պարտություն կրել: Դրանց կազմակերպիչները կարող են պատմության մեջ մտնել որպես հերոսներ կամ դավաճաններ:

Միջնադարյան գյուղացիներ

Միջին դարերում Եվրոպայի գյուղացիները ստիպված էին շատ հարկեր վճարել, ինչպես նաև երկար ժամանակ տաժանակիր աշխատանք կատարել իրենց տերերի համար, որոնցից շատերը չափազանց վատ էին վերաբերվում գյուղացիներին: 1381 թ. Անգլիայի գյուղացիներն ապստամբեցին գործող կենսապայմանների դեմ: Եվ չնայած ապստամբությունը ճնշվեց, երկրում սկսվեցին բարեփոխումներ իրականացնել: 1524 թ. Հունաստանի գյուղացիները արյունալի ապստամբություն բարձրացրին: Նրանք ավիրեցին ամրոցներն ու վանքերը: Այդ ժամանակ ազնվականներն արտաքին զորքերի օգնության կանչեցին, որոնք գյուղացիների «բանակին» պարտության մատնեցին 1525 թ. Ֆրանկենհաուզենում: Ապստամբների մեծ մասը վախճանվեց:

Ամերիկյան հեղափոխություն

Ամերիկյան հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ամերիկայում անգլիական գաղութարարներն ապստամբեցին Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ: Շատ ճակատամարտեր տեղի ունեցան. նահանգներն ազատվեցին ու դարձան ազատ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ամերիկյան հեղափոխական ապստամբությունը տևեց 1775թ. մինչև 1783թ.: Հիմնական պատճառը, որ գաղութարարներն ապստամբեցին Մեծ Բրիտանիայի դեմ, այն էր, որ նրանք տեղ չունեին անգլիական պառլամենտում: Անգլիական կառավարությունը նոր կանոններ և հարկեր էր ստեղծում նահանգների համար, բայց նահանգները չէին կարողանում արտահայտվել: Նրանք հնարավորություն էին պահանջում իրենց կարծիքն արտահայտելու կառավարությունում, եթե պետք է բարձր հարկեր վճարեին ու ապրեին անգլիական կառավարության օրենքներով:

Ֆրանսիական հեղափոխություն

1789 թ. Ֆրանսիայի արքան երկիրը ղեկավարում էր առանց պառլամենտի ու սահմանադրության և պետության ողջ գումարը ծախսում էր սեփական զվարճանքի համար: Երկրի մասնակցությունը մի շարք պատերազմների նպաստում էր գանձարանի դատարկմանը: Բերքի բացակայության հետևանքով մթերքի գները կրկնապատկվեցին, և ժողովուրդը սովի մատնվեց: Միջին խավի ներկայացուցիչները պահանջում էին վերջ դնել անարդարությանը: 1789 թ. մայիսին Լյուդովիկոս XVI-ը վերջին 175 տարիների ընթացքում առաջին անգամ պառլամենտ հրավիրեց: Այդ ընթացքում սկսվել էին զանգվածային անկարգությունները ժողովրդի կողմից: Ժողովրդին հանգստացնելու համար կառավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց: 1793 թ. Լյուդովիկոս XVI-ը ձերբակալվեց երկրից փախուստ կատարելու փորձի համար և գլխատվեց: Դրանից հետո եկած Յակոբինյան դիկտատուրայի ժամանակ շուրջ 20 հազար մարդ մահապատժի ենթարկվեց, քանի որ համարվում էր հեղափոխության թշնամի: Իսկ ահա 10 տարի անց նոր քաղաքական գործիչները նոր կառավարություն հիմնեցին՝ հետևելով հեղափոխության ժողովրդավարական նպատակներին:

Հեղափոխություն Ռուսաստանում

Մինչ 1917 թ. Ռուսաստանում իշխանությունը գտնվում էր բացարձակապես ցարի ձեռքում: Երկրում ծանր ճգնաժամային իրավիճակ էր: Փետրվարին ցարը ստիպված էր հրաժարվել գահից, որից հետո իշխանության եկավ Ժամանակավոր կառավարությունը: Վերջինս կազմում էին միջին դասի ներկայացուցիչները, սակայն նրանք ևս սոցիալական շատ խնդիրներ ի զորու չեղան լուծելու: Լենինի գլխավորությամբ բոլշևիկներն ապստամբություն բարձրացրին խոշոր քաղաքներում, որն էլ վերաճեց քաղաքացիական պատերազմի: Վերջինս ավարտվեց 1921 թ. բոլշևիկների լիակատար հաղթանակով:

Թավշյա հեղափոխություններ

1956 թ. հունգարացիներն ապստամբեցին՝ նպատակ ունենալով տապալել կոմունիստական կառավարությունը, սակայն սովետական զորքերը ճնշեցին այն: Սակայն մինչ 1989 թ. Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում իրավիճակը փոխվեց: Լեհաստանում, Արևելյան Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում և Հունգարիայում սկսվեցին զանգվածային խաղաղ ցույցեր: Այդ շարժումները, որոնք կոչվում էին «թավշյա հեղափոխություններ», մի քանի ամսվա ընթացքում հանգեցրին կոմունիստական ռեժիմի փոփոխմանը դեմոկրատականի: