Մատյան ողբերգության
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհուրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.
— Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։
Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ Աստծու պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
— Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով։
Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։