09:28 , 7 մայիս, 2013
Եթե ձեզանից ոմանց թվում է, թե ժողովուրդը ձեզանից չի պահանջելու «Ապահով Հայաստան» կարգախոսի իրականացումը, ապա չարաչար այս անգամ սխալվում եք: Իսկ գիտե՞ք, թե ինչու, քանզի նրանք քաջ գիտակցում են, որ ողջ աբսոլյուտ իշխանությունը հայտնվել է ձեր ձեռքում: Պահանջարկի հասցեատեր ուղղակի չկա: Նայեք, երկրի առաջին դեմքը հանրապետական է, օրենսդիրը ձեր ձեռքում է, գործադիրը նույնպես, հիմա էլ քաղաքը:
Վերջիվերջո էլ ի՞նչ է պետք ձեզ, որպեսզի դուք կարողանաք կյանքի կոչել ձեր «Ապահով Հայաստանը»: Կա մի բան, որ ասեք, այ, եթե սա էլ մեր ձեռքում լիներ, ապա մենք առանց վարանելու, առանց խոչընդոտների կսկսեինք կառուցել մեր կոչին հարիր երկիր: Չկա և չի կարող լինել, մնում է միայն ձեր ցանկությունը: Դե սկսեք, ինչո՞ւ եք ձգձգում, հիմա ի՞նչ եք ակնկալում ստանալ, որ նոր տեղից շարժվեք: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի`
• Որպեսզի երկրում սկսվեն համատարած ձերբակալությունները այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ ցինիկ կերպով թալանում են մեր երկիրը
• Որպեսզի մենաշնորհը իսպառ վերացնեք
•Որպեսզի կառավարությունը երկրաչափական պրոգրեսիայով չկուտակի արտաքին պարտքեր և դրանով իսկ մեր սերունդներին գցի այլ երկրներից կախված ստրկատիրական պայմանների մեջ
• Որպեսզի հանցագործը իմանա, կապ չունի, թե նա ով է, նա պետք է պատժվի օրենքի առաջ
• Որպեսզի երկրում վերանա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը
• Որպեսզի արտագաղթը կանգնեցվի
• Որպեսզի երկրում սկսվեն արմատական բարեփոխումներ
• Որպեսզի անապահով խավը իր վրա զգա պետության ուշադրությունը
• Որպեսզի ազգանպաստությունը գնահատվի
• Որպեսզի պաշտոններին նշանակվեն միայն պետական մտածելակերպով մարդիկ: