Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները


11:30 , 19 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել է լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկողների լուսանկարները:

Քաղաքացիական հագուստով երկու անձինք Մուրադյանի նկատմամբ բռնություն են գործադրել այսօր՝ կառավարության 3-րդ շենքի մոտ՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ: Նա այժմ հիվանդանոցում է:

Տեղի ունեցածին անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ "sut.am" կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»,- նշել է նա։

Մեջբերված հոդվածները վերնագրված են այսպես. «Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը» եւ «Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները»: