Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից


09:40 , 19 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ կոչ անելով լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի վայրերից՝  չխոչընդոտելով Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի լրագրողներ,

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:

Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»: