Այլևս ոչ մի հետընտրական, առավել ևս նախընտրական «թմրաքարոզ». ընդամենը մի կաթիլ ճշմարտություն` վաղվա օրվա մասին
23:34 , 6 մայիս, 2013
Այսօր, երբ արդեն ոչ մի շեղող թեմա չկա, գուցե կարելի է կամ նույնիսկ անհրաժեշտ է լուրջ մտահոգվել վաղվա օրվա մասին: Իսկ վաղվա օրը, իմ համոզմամբ, երիտասարդների կրթության խնդիրն է: Ասում են` բուհերը բարձրացնում են ուսման վարձերը: Հիմա հոռետեսների ղժժոցը կլսվի, բայց միևնույն է պիտի ասեմ, ես կողմ եմ, որ ուսման վարձավճարները ավելանան, զգալի ավելանան: Պետք է վերջապես հասկանանք, որ բարձրագույն կրթությունը պետք է թանկ հաճույք լինի, որ ամեն պատահական մեկին հասու չլինի, պետք է կրկնակի, եռակի ավելանան, որ սոցիալական արդարությունը համոզիչ, արժանահավատ լինի, որ վերջապես բուհերը բեռնաթափվեն միջակությունից` կործանիչ միջակությունից, որ սրիկաների պես բազմապատկվում, բազմապատկվում, լցվում-նվաճում են հասարակությունն ու էսօր դառել են պատուհաս պետության համար. կենդանի օրինակը` կուսակցությունների երիտթևերը, գրանտակեր ակտիվիստները, համացանցային պորտաբույծները, անիմաստ ամուսնացող ու «արագի մեջ» բաժանվող անպատասխանատու «կռոլիկները», բայց, այնուամենայնիվ մի մեծ «բայցի» դեպքում, եթե բուհերը դասախոսների աշխատավարձերը բարձրացնեն, նվազագույնը` 10-ն անգամ: Շեշտում եմ` նը-վա-զա-գույնը: Վստահ եմ, այդ դեպքում ո՛չ խրոնիկ բացակայող ուսանող կունենանք, ո՛չ «մելկի» կոռուպցիոներ դասախոս: Թե չէ բուհերը դարձրել են ռեկտորների սեփականաշնորհած անդաստանները, սատանան տանի դրանց: Նույն կերպ թող փողոցներում տեսախցիկներն ավելանան, տույժուտուգանքների չափերն էլ կրկնապատկվեն, բայց, ու էլի բայց, որ կրկնապատկվեն, եռապատկվեն ոստիկանների աշխատավարձերն էլ: Էդ ժամանակ հաստատ ամենափոքր երթևեկության խախտումն էլ կդիտվի «ինքդ քո դեմ կատարվող հանցագործություն». որ գիտես հոծ գիծը խախտելու ես ու մի 150 000 դրամ տուգանվես.. ուղղակի չես խախտի. համ էլ ոստիկանից ինչ-որ բան պահանջելը կդառնա ոչ միայն օրենքով, այլ նաև բարոյապես արդարացված: Թե չէ, երբ չենք ալարում, գոռում ենք՝ բացահայտեք, բռնեք, պատժեք, թե չէ կգրենք, կպախարակենք, կանիծենք, անարգանքի սյունին կգամենք, այ պագոնավորներ, հերիք ա ժողովրդի արյունը խմեք: Բա.. Այ սենց դառել ենք շանտաժիստ ազգովի, ուզում ենք շանտաժով կառույցներ աշխատացնել, այ սենց հիվանդացել եք մի տեսակ «ծանր»: Այո, ու պետք է սկսել կրթության ոլորտը թանկացնելով, արժևորելով, որ «վաղվա օրվա մարդու» ՕԳԳ-ն բարձրանա, գրողը տանի..