«Իշխանությունները, տեսնելով, որ չեն կարող ստիպել խաղաղ ցուցարարներին օրենք խախտել, որոշել են դիմել հայտնի մեթոդների օգնությանը: Երեկ ուշ երեկոյան սադրիչների խմբեր են գործուղվել Ֆրանսիայի հրապարակ` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների մոտ: Մետաղյա ձողերով զինված հարբած սադրիչների խումբը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում պարզապես «տակնուվրա են արել» ամեն ինչ. նրանք փայտեր են նետել անցնող ոստիկանական մեքենաների ուղղությամբ, պոկել են լուսացույցը, ջարդուփշուր արել աղբամանները: Ընդ որում, նրանք այդ ամենն արել են լուռ, առանց որևէ կոչեր հնչեցնելու, այլ բժշկական դիմակներ հագած: Նաև հարձակվել են իրենց նկարահանող լրագրողների վրա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` սադրիչների խմբերը նախկին ու ներկա հայտնի օլիգարխ պատգամավորների, այդ թվում` Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի և այլոց ուղարկած «մարդիկ են»:
Նպատակը մեկն է` հիմքեր ստեղծել, որ ոստիկաններն ուժով ցրեն հանրահավաքը: Պատահական չէ, որ չնայած երեկ նրանց լկտի պահվածքին` ոստիկաններն այդպես էլ չփորձեցին միջամտել, կարգի բերել և, վերջապես, ձերբակալել` լուռ թողնելով, որ սադրիչներն անեն իրենց ուզածը: Ասել է, թե ոստիկանությունն իր անգործությամբ հիմնավորել է տեսակետը, որ սադրիչներն ուղարկված են իշխանությունների կողմից: Նշենք, որ այս նույն մեթոդն իշխանությունները կիրառել էին 10 տարի առաջ`մարտի 1-ին. այն ժամանակ էլ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները, խանութները ջարդուփշուր անող և թալանողները սադրիչների խմբերն էին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: