Ռամզան Կադիրովի պատասխանը eMedia.am-ի հարցին


18:44 , 6 մայիս, 2013

Ռամզան Կադիրովի պատասխանը eMedia.am-ի հարցինՌուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմում չեչենները վարձկանների կարգավիճակով ընդգրկված են եղել ռազմական գործողություններին մասնակից երկու կողմերի ուժերում էլ: Այդ մասին այսօր` մայիսի 5-ին, սեփական livejournal բլոգում գրել է հենց ինքը՝ Ռամզան Կադիրովը` պատասխանելով eMedia.am-ի թղթակցի հարցին: Ընդգծենք, որ մայիսի 5-ը հատուկ Կադիրովի կողմից նշանակվել էր օր, որի ընթացքում Չեչնիայի Հանրապետության առաջնորդը պատրաստակամություն էր հայտնել պատասխանելու բլոգերների ու համացանցային ակտիվիստների բոլոր հարցերին: Ռամզան Կադիրովը, մասնավորապես, պատասխանելով հետևյալ հարցին. «Ըստ Ձեզ, ի՞նչ կարգավիճակում էին մասնակցում չեչեն վարձկանները Ղարաբաղյան պատերազմին` կռվելով ադրբեջանական կողմի կազմում», - Կադիրովը, ով նաև 90-ականների կեսերին ինքնահռչակ ու անջատողական Չեչնիայի Հանրապետության գլխավոր մուֆթիի` Ահմադ Կադիրովի որդին է ու մասնակցել է ռուս-չեչենական ռազմական գործողություններին անջատողականների կազմում, նշել է. «Վարձկանների կարգավիճակով` պատերազմող թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի կազմում»: Նշենք, որ արդեն հայտնի ու անհերքելի փաստ է չեչեն վարձկանների մասնակցությունը ադրբեջանական բանակի կազմում մարտական գործողություններում ընդդեմ հայկական ուժերի, սակայն առ այսօր որևէ փաստ ապացուցող, որ Հայաստանի կամավորական ջոկատների, դրանից հետո նաև բանակի կազմում մասնակցել են վարձկաններ, չկան: