15:15 , 17 ապրիլ, 2018Yerkir.am-ը գրում է.
Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես շատ եմ քննադատել սահմանադրական բարեփոխումները, բայց պարզվեց` այդ բարեփոխումները մի շատ լավ կողմ ունեն: 6 տարվա մեջ առաջին անգամ, ինչ ես ԱԺ պատգամավոր եմ, վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը, և մենք կարող ենք նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ: Մենք վերջապես կարող ենք պաշտոնյային ասել, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` Հայաստանի ներկայիս կառավարման համակարգը կեղծ է: «Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս, ասում են` իրեն ասա: Սա է մեր երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք բարեփոխումների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ դուք ոչ մի բարեփոխում այլևս չանեք: Ինչքան դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս է եկել վատ բան»,- հայտարարեց Մարուքյանն ու իր դժգոհությունը հայտնեց նախարարների գործունեությունից:
«Պարոն Սարգսյան, Ձեր առողջապահության նախարարն ամեն օր անում այնպիսի բան է մտածում, որ մարդկանց համար անհարմար լինի, նա ձեզ զեկուցե՞լ է այդ մասին: Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է, ու ինքը պետք է դրանով զբաղվի: Որտեղի՞ց եք փնտրում այդ մարդկանց»,- ասաց նա, ապա անդրադարձ կատարեց հաճախ քննարկվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը. «Հյուսիս-հարավ ավտոճանապարհը չի վերջացել, դա սկսվել է այնտեղից, որտեղ ամենալավ ճանապարհն էր: Կարելի՞ էր, արդյոք, սկսել այնտեղից, որտեղ ամենալավն էր: 10 տարի է` Հյուսիս հարավից ենք խոսում: Հիմա վարկը կա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա»:
Մարուքյանի խոսքով` բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է համակարգում պահել նույն մարդկանց: «Միակ մարդը, ով այս փոփոխություններից տուժել է, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է, ոչ մի ուրիշ բան դուք չեք փոխում: Մարդիկ գիտեն, որ Դուք դառնաք վարչապետ, Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք Հայաստանի արտգործնախարար, մի մարդ, ով երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է»,- ասաց նա: Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետին:
«Իմ տպավորությամբ երկրում կա երկու աշխարհ` Ձեր աշխարհը և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք ինչ է տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք շրջապատել եք Ձեզ մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում, թե ինչ է կատարվում երկրում: Պարոն Սարգսյան, մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ է»,-նշեց նա: Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ նաև փողոցնոերում տեղի ունեցող անհնազանդության գործողություններին:
«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են ու ժամեր անց, երբ դուք դառբնաք Հայաստանի Հանրապետության վարչարպետ` ձեզ են մեղադրելու, եթե որևիցե մեկի քթից արյուն եկավ, որովհետև ձեր ձևավորած սահմանադրության համաձայն ոստիկանապետը ենթարկվում է ձեզ»,- ասաց նա` նշելով, որ իրենց թիվ մեկ խնդիրն է`թույլ չտալ` ուժ կիռարառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ:
«Բարի գալուստ լուսավոր Հայաստան, դուք գալու եք էստեղ և այդ հարցերը մենք ձեզ տալու ենք»,-եզրափակեց Մարուքյանը: