Բաղրամյան-Օրբելի հատվածում հավաքվածները թույլ չեն տալիս ակտիվիստներով լցված ոստիկանական մեքենային շարժվել (Photo)


11:54 , 16 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երիտասարդները շարունակեցին նստած մնալ, մի քանի րոպե անց ոստիկանները ուժով որոշ երիտասարդների տեղափոխեցին խաչմերուկ մոտեցած ոստիկանական մեքենայի մեջ: Անցորդները, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ոստիկանական մեքենայի առջև` թույլ չտալով երիտասարդներին տանել: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ ակցիային:

Որոշ ժամանակ անց դեպքի վայր մոտեցավ երկրորդ ոստիկանական մեքենան: Հավաքվածները շարունակում են թույլ չտալ մեքենաների տեղաշարժը: Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում: