Մոսկվան վտանգավոր դաշնակից է


18:14 , 14 ապրիլ, 2018

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածեցին Սիրիային։ Պատճառը շինծու մեղադրանքներն էին, ըստ որոնց՝ իբրև թե Բաշար Ասադի կառավարությունը մի քանի օր առաջ թունավոր քլոր էր օգտագործել ահաբեկիչների ձեռքում գտնվող Արևելյան Գութայի վերջին հենակետի՝ Դումայի բնակիչների նկատմամբ։
Սակայն ինձ սա չի հետաքրքրում։ Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ գործողություններ ձեռնարկեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավոր գործընկերը՝ Ռուսաստանը, որի զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում և պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը։

Դումայում քիմիական զենք օգտագործելու մասին տեղեկություններից հետո ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և նրանց գործընկերները միաբերան ողջունեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը, ով սպառնում էր պատժել Ասադին։ Պաշտոնական Մոսկվան այդ ամենին ևս ոչ պակաս ագրեսիվ հռետորաբանությամբ հակադարձեց՝ նախազգուշացնելով Վաշինգտոնին, որ անպայման կպատասխանի Սիրիայի դեմ ագրեսիայի պարագայում։ Ռուսաստանյան ԶԼՄ-ները և նրանց սպասարկող քաղաքագետները, վերլուծաբանները, ինչպես նաև այդ ԶԼՄ-ների բազմաթիվ թոք-շոուների բազմաթիվ ճանաչված մասնակիցներ միաբերան համոզում էին ռուսաստանյան հասարակությանը, որ Պուտինի նախազգուշացումից հետո Վաշինգտոնը և նրա գործընկերները չեն համարձակվի հարվածել Սիրիային։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և պաշտոնական Մոսկվան կանգնեց շատ վտանգավոր փաստի առաջ։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապրիլտասնչորսյան սիրիական հարվածներն ավելի հեռահար նպատակներ ունեն։ Բացի նրանից, որ ԱՄՆ-ն աշխարհին ապացուցեց, որ իր խոստման տերն է, միևնույն ժամանակ Վաշինգտոնը բոլորին, այդ թվում՝ նաև ՌԴ-ի եզակի դաշնակիցներին, բացահայտեց պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական տկարությունը և տարրական դավաճանությունը, երբ վերջինս բացահայտ չի կատարում իր վրա վերցրած պարտականությունները։ 

Ուղղակի զզվելի է ունկնդրել ռուսաստանյան ԶԼՄ-ներին, երբ վերջիններս, լուսաբանելով և մեկնաբանելով այս գիշեր Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունը, հպարտորեն նշում են, որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները չեն հարվածել Լաթաքիայում գտնվող «Խմեյմին» ավիաբազային և Տարտուս քաղաքին, որտեղ գտնվում են ռուսական ռազմաբազաները, այսինքն` Մոսկվայի համար կարևորն այն է, որ իրենց ռազմաբազաները և զինվորներն անվտանգ լինեն, իսկ թե ինչ է լինելու Սիրիայի հետ, որի օրինական կառավարության հրավերով են ռուս զինվորականները գտնվում այդ երկրի տարածքում, Պուտինին բացարձակ չի հետաքրքրում։ Հետաքրքիր է նաև, թե ո՞ւր կորան Պուտինի՝ Թրամփին, Մեյին և Մակրոնին ուղղված նախազգուշացումները։ Տեսնես Մոսկվան կհամարձակվի՞ պատասխանել վերջիններիս, ինչպես խոստացել էր։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարվածները Սիրիային բացահայտեցին այն, որ ՌԴ-ն ոչ վստահելի գործընկեր է։ Այս ամենն անմիջական կապ ունի նաև Հայաստանի հետ, քանի որ մենք էլ ենք մեր անվտանգությունը վստահել ՌԴ-ին, որի 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում։ Այնքան ենք վստահել, որ մեր վրա ենք վերցրել այդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը։ Ապրիլի 14-ին Դամասկոսին հասցված հարվածներից և պաշտոնական Մոսկվայի լղոզված և անիմաստ արձագանքից հետո բացարձակ համոզված չեմ, եթե Հայաստանն ագրեսիայի ենթարկվի երրորդ երկրի, օրինակ՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, նույն ռուսաստանյան ԶԼՄ-ները հպարտությամբ չեն արձանագրի, որ ամենակարևորը՝ թուրքերը և ազերիները չեն հարվածել Գյումրիին, որը համարվում է 102-րդ ռազմաբազայի կենտրոն։ Իսկ հայաստանյան մյուս բնակավայրերը նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ինչ ուզում է, թող լինի։ Հենց այդպիսի ենթադրություն կարելի է անել` տեսնելով, թե ինչպես է Պուտինն արձագանքում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ տերությունների քաղաքականությանը։ Հետևությունն այն է, որ Մոսկվան ոչ միայն վստահելի գործընկեր չէ, այլև վտանգավոր է նրա հետ գործ ունենալը։ 
Թուրքիայի բռնապետի արձագանքը ևս սպասելի էր։ Մոսկվայի ամենամոտ բարեկամը՝ Թուրքիան, որի հետ հարաբերությունները շատ կարևորվում են Պուտինի կողմից, ԱԳՆ մակարդակով հայտարարել է. «Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով»։ 

Ի դեպ՝ արևմտյան ԶԼՄ-ները նաև տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Մոսկվան նախօրոք տեղեկացվել է հասցվելիք հարվածների մասին։ 

Հ.Գ. ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածները Սիրիային վարկանիշային մեծ վնաս են հասցրել նաև ՌԴ-ին։ Թրամփին հենց դա էր ավելի շատ հետաքրքրում, քան Դամասկոսին վնաս հասցնելը։