21:00 , 13 ապրիլ, 2018Մինչ օրս գոյություն ունի թյուր կարծիք, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, որոնք չեն կարողանում իրենց պաշտպանել և ապրում են միայն երեխաներին դաստիարակելու և ճաշ եփելու համար: Ընտանիքը յուրաքանչյուրի կյանքի գլխավոր բաղադրատարրն է, սակայն, բացի դրանից, գոյություն ունեն նաև այլ պլաններ և ցանկություններ:
Հարյուր հազարավոր տարիներ առաջ հենց կանայք էին համարվում բարձրագույն, երկնքին մոտ էակներ: Կանայք կարող էին մի քանի ամուսին ունենալ, սակայն այդ ամուսնություններից ծնված երեխաները հիշում էին միայն նրան, ով լույս աշխարհ էր բերել իրենց. մայրիշխանություն էր տիրում: Հենց մայրերն էին իրենց երեխաներին պաշտպանում յուրաքանչյուր վտանգից:
Բավականին ծավալուն տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են հարյուրամյակներ առաջ ցեղերի տղամարդիկ պայքարել՝ իրենց հողերը պաշտպանելու և ուտելիք հայթայթելու համար: Սակայն քիչ են պատմությունները, որոնցում ցեղի գոյատևումը պահպանելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում կանայք և սկսում են կոպիտ կենսակերպ վարել: Լավ օրինակ են սարմատուհիները, որոնք հասարակությունում բարձր դիրք ունեին, մարտեր էին մղում, պաշտպանում էին հողերը և միաժամանակ հոգ էին տանում ընտանիքի ու տան հոգսերի մասին:
Հաճախ կանանց մեղադրում են զգացմունքայնության և ճիշտ որոշումներ ընդունելու ունակության բացակայության մեջ: Ողջ Եվրոպան լսել է Հյուրեմի մասին, ով գրավել էր Օսմանյան կայսրության սուլթանի սիրտը: Սակայն կայսրությունում առավել ազդեցիկ դիրք ուներ Քեսեմը, ով իր խելքի, համբերության ու ճշտապահության շնորհիվ մեծ տիտղոսի հասավ․ 5 տարի շարունակ ղեկավարեց երկիրը: Սառը մտածելակերպն ու հավասարակշռությունը բնորոշ են կանանց, ուղղակի նրանք հաճախ թաքցնում են դա:

Կարծրատիպային մոտեցումը, թե կինը չի կարող ապրել առանց տղամարդու աջակցության, կոտրել է Ելիզավետա I-ը: Շնորհիվ նրա՝ Անգլիան ծովային հզոր զորք ստեղծեց, որն ունակ էր հաղթելու Իսպանիային: Չամուսնացած կինը կարողացել է հրաշալիորեն կառավարել իր երկիրը: Ինչպես նա էր ասում. «Ես ունեմ ԹԱԳԱՎՈՐԻ սիրտ ու ստամոքս»:
Ինչպես Առաջին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կանայք կռվել են տղամարդկանց հետ հավասար պայմաններում, ոչնչով չէին զիջում նրանց, երբեմն անգամ գերազանցում էին քաջությամբ ու անվախությամբ: Առաջ էին շարժվում՝ ուշադրություն չդարձնելով ստացած վերքերին և կորուստներին: Հայրենիքի պաշտպանությունը մեծ նշանակություն ուներ բոլորի համար՝ անկախ սեռից, անկախ նրանից՝ թեթև կիսաշրջազգեստ էին կրում, թե՞ ռազմական տաբատներ: