Հիմա մեղադրենք իշխանությունների՞ն, թե՞ ընդդիմությանը


12:58 , 6 մայիս, 2013

Ինչո՞ւ են ընդդիմադիրները մեղադրում իշխանություններին, երբ առաջնային մեղավորները իրենք են: Քաղաքականության մեջ ամենադյուրին և ամենապրիմիտիվ գործելաոճը դա չընդունել սեփական սխալները, բայց ծայրահեղ քննադատել ու փնովել դիմացինին: Արդյոք իշխանությո՞ւնն է մեղավոր, որ ընդդիմադիր ուժերը փոշիացրին միմյանց ձայները: Ամբողջ օրը մեկը մյուսի հասցեին հայհոյախառը նախադասություններ էին շռայլում: Մեկը մյուսին ասում էր ծախված և ցանկանում էին ապացուցել, որ իրենք են իսկական ընդդիմադիր ուժը: Ամեն օր խոսում էին միասնականությունից, բայց անում հակառակը, մտերմանում էին միմյանց հետ և միջից քանդում շարժումը: Իսկ այսօրվա տվյալներով, եթե լիներ միասնականություն, ապա ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 16,7 տոկոս և ԲՀԿ-ի 23,05 տոկոսի հետ միասին կարող էին հակակշիռ ուժ դառնալ ավագանու որոշումների ժամանակ: Այդքան խոսեցին, որ հակակշռող ուժ պետք է լինի իշխանություններին, բայց իրականում արեցին հակառակը: Ինչպես նաև շատ ընդդիմադիրներ մեղադրեցին ժողովրդին ու ծախվածի պիտակ կպցրեցին, բայց լավ կլիներ՝ այսօրվա դրությամբ վերանայեն, թե ովքեր են իրական ծախվածները: Հիմա թող պատասխանեն, թե ինչու չդարձան իշխանությանը հակակշիռ ուժ, այլ ընդհակառակը՝ փոշիացրին ձայները՝ գերազանց իմանալով, որ առանձին-առանձին չեն հաղթելու: