Մանիպուլյացիայի դասեր «Սյուզան Սիմոնյանից»


23:01 , 12 ապրիլ, 2018

Forrights.am կայքի «աղմկահարույց» հրապարակման պատասխանը, բնականաբար, դուր չի եկել նրա հեղինակներին, որոնք երբեք ջանք չեն խնայել վարկաբեկել նաև իրենց խաղաղությունը ապահովող բանակին: Սա՝ հարցի հուզական կողմը։ Խոսենք փաստերով:
Նրանք, փորձելով արդարացնել իրենց քայլերը, աղավաղել են քրեական գործերի ներկայացումը, հետևաբար մեղադրյալի և տուժողի անունների վրա ուղղակի խաղում են: Այլ մանրամասներ հասկանալի պատճառներով չեմ հայտնում: Անհրաժեշտության դեպքում կներկայացվի պատկան մարմիններին։ 
Սակայն, այսպես ասած, հետաքննության մեջ հիմնական մանիպուլյացիան կայանում է նրանում, որ իրենք իրենց միակողմանի նյութում, մակերեսային անդրադառնալով այլ անձանց, իրենց ապահովագրում են հետագա մեղադրանքներից: 

Հարգելի Սյուզան Սիմոնյան,
Ձեր գործելաոճը վաղուց է հայտնի մեզ: Դուք կարող եք մեջբերել հիսուն մարդու խոսք, բայց նյութը կառուցել մեկ մարդու ասածի վրա, տվյալ դեպքում՝ զինվորի մոր, իսկ որ ամենակարևորն է, Դուք վերնագրով ամեն ինչ արդեն անում եք: Դուք լավ սերտել եք ընթերցողների մի ստվար զանգվածի ցածր իրավագիտակցությունն այն առումով, որ գիտեք՝ մարդկանց մեծ մասը չի էլ կարդալու նյութը, դրա համար էլ հենց վերնագրում ամեն ինչ գրում եք, իսկ հարցական դնելով Ձեզ ապահովում իրավական պատասխանատվությունից: Ես, ի տարբերություն Ձեզ, ստերի թվագրում չեմ անի ու նաև չեմ վիրավորի Ձեզ: Դուք լավ գիտեք, որ կարելի է ինձ երեկոյան ժամը 21:30-ին Ֆեյսբուքում հարց ուղղել, որը պահանջում է գործի մանրամասն ուսումնասիրություն, իսկ առավոտյան հիշեցնելով ու չսպասելով հարցման պատասխանին՝ նյութ եք հրապարակում: Մնացածը՝ նույն ոգով: Պատասխան նյութում երկար-բարակ լղոզումներից հետո կատարել եք ամենակարևորը՝ գրել մի վերնագիր, որտեղ երևա, որ զինվորը «կործանվում է», իսկ նախարարը կարող էր նրան փրկել, սակայն միտումնավոր ոչինչ չի արել: Սակայն ոչ մի հիմնավորում չկար, որ որևէ մեկը կործանվում է: Բայց դա արդեն էական չէ: Ամենակարևորը, որ խախտում եք, այն է, որ ոչնչով չհիմնավորված մի «իրադարձություն» դարձնում եք քննարկման հիմնական ուղղություն՝ ոչ մի կերպ շանս չտալով մարդկանց ստուգել, ճշտել իրականությունը: Եվ քանի որ տարիներ շարունակ ինքներդ եք ձևավորել հստակ թրենդ, ուղղություն, ապա նոր ջանքեր պետք չեն, մարդկանց մի մասը միանգամից բացասական է տրամադրվելու, բայց երբեք հարց չեք տվել՝ ո՞ւմ հանդեպ եք այդ բացասական վերաբերմունքը ձևավորում, ո՞ւր կարող է այդ ամենը տանել: Իհարկե, դա Ձեզ պետք չէ: Մնացածը թողնում եմ առողջ դատողություն ունեցող մարդկանց, որոնք, բարեբախտաբար, չեն ընկել ձեր թակարդը: