«Եվրատեսիլ»-ի հետ կապված բոլոր որոշումները միայն թիմն է իրականացնում. Գոհար Գասպարյանը՝ իր և Սևակ Խանաղյանի միջև կոնֆլիկտի մասին


15:10 , 12 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

«Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն այս տարի, կարծես, այնքան էլ հարթ չի անցնում: Լավ է, այդ անհարթությունները դեռևս ոչ թե միջազգային բեմում են, այլ՝ ներքին խոհանոցում ու միջանձնային հարաբերություններում. պարբերաբար տարաբնույթ խոսակցություններ են տարածվում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանի և մյուս մասնակիցների ու ստեղծագործական թիմի անդամների մեջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Այսօր էլ BoomNews.am-ը նյութ է հրապարակել այն մասին, որ եվրատեսիլյան այս տարվա ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն ու «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կոնֆլիկտ են ունեցել: Պատճառն այն է, որ երգիչն անձամբ է ընտրել իր բեք-վոկալիստներին՝ անտեսելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության և պատվիրակության ղեկավարի կարծիքները: 

Ըստ կայքի տեղեկությունների, զայրանալով նման արհամարհական վերաբերմունքից, Գոհար Գասպարյանը մտերիմիկ զրույցներից մեկի ժամանակ խոստացել է, որ «Սևակն այս քայլը չի մարսելու»:

Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Ծերունյանն ընդգծեց՝ դրանք խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրողությանը. նման բան չի եղել:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք նաև Գոհար Գասպարյանի և Սևակ Խանաղյանի հետ:

«Սա հերթական բամբասանքն է, այս անգամ՝ 100 տոկոսանոց անհիմն խոսակցություն: Մեզ մոտ թիմային աշխատանք է, «Եվրատեսիլ»-ի հետ կապված բոլոր որոշումները թիմն է իրականացնում՝ հաշվի առնելով և՛ Սևակի, և՛ մեր երաժշտական պրոդյուսերի ցանկությունները: Անում ենք ամեն ինչ՝ ճիշտ ներկայանալու համար: Բոլորին խորհուրդ կտամ՝ նման բաների փոխարեն աջակցել և սատարել մեր արտիստին՝ պատասխանատու այս պահին կանգնելով նրա կողքին ու խրախուսելով», - պարզաբանեց Գ. Գասպարյանը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ