10:47 , 6 մայիս, 2013ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 5-ի գիշերը Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքներում կազմակերպված հրավառությունների վերաբերյալ՝ Հաղորդագրությունը ներկայացվում է ստորև. «Մայիսի 5-ի գիշերը՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք: Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»: