Ս. Սարգսյանը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդիրը


14:50 , 5 ապրիլ, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։

Դրանցից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ ևս հաստատում և ապացուցում է Հայաստանի հոգևոր կապը Սուրբ Աթոռի հետ:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնելու և խորացնելու հոգևոր և մշակութային կապերը Վատիկանի հետ՝ խարսխված նույնակունք քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի գործունեությունը, որի շնորհիվ նաև, Նախագահի գնահատմամբ, նորովի ամրապնդվեց Վատիկանի դերը միջազգային ասպարեզում՝ որպես խաղաղության հաստատման, հանդուրժողականության, փոխըմբռնման և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: