Գազայի հատվածում բախումների պատճառով կրկին սրվել են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները


14:06 , 2 ապրիլ, 2018
Գազայի հատվածում իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հարցի առնչությամբ կրկին սրվել են հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև։ Էրդողանը մեղադրել է Իսրայելին պաղեստինցի ժողովրդի նկատմամբ բռնությունների հրահրման, ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Հասկանալի է, որ Էրդողանի քննադատության հիմքում ամենևին էլ պաղեստինցիների պաշտպանությունը չէ, այլ այն, որ դրանով Թուրքիան փորձում է հերթական անգամ ներկայանալ` որպես արաբական և իսլամական աշխարհի առաջնորդ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ թուրքական կողմն այս ամենին զուգահեռաբար խախտում է հարևան արաբական-մուսուլմանական երկրների` Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը, այդ երկրների տարածքում իրականացնում ռազմական գործողություններ։ Արդյունքում դժվար է պատկերացնել պաղեստինյան կողմի միանշանակ դրական արձագանքը Էրդողանի հնչեցրած հայտարարությանը։