«Երևանի քաղաքապետարանը մի քանի միլիոնների հասնող գումարներ է ծախսել` քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակները ապամոնտաժելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն 950 հազար դրամ: Նշենք, որ այդ գովազդային վահանակները տեղադրված են եղել շենք-շինություններին, տանիքներին, վերգետնյա անցումներին, էլեկտրասյուներին և մայթերին: Հետաքրքիր է` իսկ գովազդային վահանակների ապօրինի տեղադրման ժամանակ որտեղ էին քաղաքապետարանի համապատասխան աշխատողները, եթե կարող էին գործընթացն ի սկզբանե կանխել, այլ ոչ թե հսկայական միջոցներ ծախսել դրանց ապամոնտաժման համար: Իսկ ապամոնտաժման ծառայությունները իրականացրել է «Ձևավորում» ՓԲԸ-ն: Ի դեպ, քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում նման ծառայություններ իրականացնելու համար: