Ջիգարխանյանը Վիտալինայից հետ է վերցրել 3 տներից 2-ը. նրա ընկերը հայտնեց ՀԺ-ին


00:30 , 30 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հաջողվել է երիտասարդ նախկին կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, օրենքով հետ ստանալ 3 բնակարաններից 2-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը: Զույգի շուրջ ստեղծված ողջ սկանդալի ընթացքում Վիտալինան անընդհատ նշում է, որ բնակարաններն իր միջոցներով է ձեռք բերել, եւ իրեն են պատկանում, սակայն Ջիգարխանյանը, որն այս ընթացքում ապրում էր ընկերների ձեռք բերած տանը, ապացուցել է հակառակը:

«Իրավաբանական հարցերը կամաց-կամաց առաջ է գնում: Որոշ բաներ արդեն հետ ենք բերել, հուսով ենք, որ ամեն ինչ կկարողանանք հետ բերել: 3 բնակարաններից 2-ը հետ ենք բերել, մեկը կալանքի տակ է: Դա էլ հետ կբերենք, առնվազն կեսը, իսկ այն բնակարանը, որը նա մինչեւ ամուսնությունը առել էր, դա կարողացանք հետ ստանալ, բացի այդ՝ հետ ստացանք նաեւ այն բնակարանը, որը նրան Խորհրդային միությունն էր տվել, բայց գումարների հարցը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Սողոմոնյանը:

Նա նաեւ նշեց, որ Ջիգարխանյանն իրեն լավ է զգում: Ուշադրություն չի դարձնում այն ամենին, ինչ նախկին կինն անում է, իսկ ռուսական լրատվամիջոցները հրապարակում են: Նա գիտակցում է, որ կինը պարզապես փորձում է ուշադրություն գրավել: Դերասանը կենտրոնացած է իր գործի վրա: Նոր բեմադրությունների վրա է աշխատում: Պատրաստվում է նաեւ ինքը բեմ բարձրանալ:

«Հիմա դեռ փորձեր են գնում, եթե հասցնենք այս թատերաշրջանի վերջում, կամ էլ մյուսի սկզբում նա պլանավորում է արդեն բեմ դուրս գալ: Նաեւ ֆիլմերում նկարահանվելու 2-3 առաջարկ ունի»,- ասաց նա:

Վիտալինայի ու Ջիգարխանյանի հարաբերությունները մամուլի ուշադրության կենտրոնում են 2017-ի հոկտեմբերից: Ջիգարխանյանը պնդում է, որ Վիտալինան գող է, որը հափշտակել է իր ունեցվածքը: Այս տարվա հունվարին նրանց ամուսնալուծությունը վերջնականապես հաստատվել է: