Armtimes.com-ը գրում է.
Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլեեվը եւ նրա տեղակալը փոխանցել են իրենց մեկ օրվա աշխատավարձը՝ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում զոհվածների ընտանիքների աջակցության համար բացված ֆոնդին: Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում անելով շրջանային ադմինիստրացիայի կայքին:
Նշենք, որ բացի զոհերի ընտանիքներին տրամադրված պետական աջակցությունից ու փոխհատուցման վճարներից, բացվել է բարեգործական հաշվեհամար, որին գումարներ են փոխանցում անհատներ, կազմակերպություններ, կոլեկտիվներ:
Ներկա պահին հաշվի վրա 24 միլիոն 300 հազար ռուբլի է փոխանցվել:
Համաձայն տեղեկագրերի, որոնք դեռ 2016 թվականի են, Աման Տուլեեվի աշխատավարձը 2016 թվականին կազմել է տարեկան 2 միլիոն 89 հազար 304 ռուբլի, իսկ հաշվի առնելով, որ 2016 թվականը 247 աշխատանքային օր է ունեցել, Կեմերովոյի ղեկավարի 1 օրվա աշխատավարձը 8 հազար 458 ռուբլի է կազմում:
Ինչ խոսք, Տուլեեվը «շռայլ» նվիրատվություն է կատարել՝ զոհաբերելով 1 օրյա աշխատավարձը, նրա տեղեկալի փոխանցած գումարն էլ 8 հազար ռուբլու գրեթե կեսն է:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրա-ժամանցային կենտրոնի չորրորդ հարկում բռնկված ու արագորեն տարածված հրդեհին զոհ դարձան 64 մարդիկ, որից 41-ը՝ երեխաներ:
Հարուցվել է քրեական գործ, գործով անցնում է 5 մեղադրյալ: Երեկ Ռուսաստանում համապետական սուգ էր: