16:48 , 4 մայիս, 2013Google-ը, որը համարվում է աշխարհի ամենահաջողակ կազմակերպություններից մեկը, հայտնի է նաև իր՝ աշխատակիցների հանդեպ ուշադիր վերաբերմունքով: Ասում են, որ Google-ի եկամուտների նկատելի մասը ծախսվում է աշխատակիցների առօրյան ավելի հարմարավետ դարձնելու վրա, սակայն ոմանք, միևնույն է, դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ հանրահայտ Google-ի աշխատողներին կարող են հուզել այն հարցերը, որոնք արդիական են մի շարք հայկական կազմակերպությունների աշխատակիցների համար (չկա օդափոխիչ, անտանելի շոգ է կամ ցուրտ, չկան ականջակալներ, պրինտերը չի աշխատում…): Ահա թե ինչ անտանելի պայմաններում են ստիպված աշխատել Google-ի աշխատակիցները, և ահա թե ինչ խնդիրներ են նրանց հուզում:
- Մարզադահլիճը շատ հեռու է: Ուզում եմ, որ իմ մասնաշենքում էլ մարզադահլիճ բացեն, որ ես ստիպված չլինեմ գնալ մյուս մասնաշենք:
- Աշխատակիցների համար գրված ձեռնարկը մեկ էջից երկար է:
- Աշխատանքի տեղը ինձ տրամադրած $100-անոց ականջակալները փչացնում են իմ սանրվածքը:

- Այս տարի ես ստացել եմ 8 անվճար շապիկ, որոնցից 5-ը սև են: Դա ինձ նյարդայնացնում է, քանի որ ես նախընտրում եմ կապույտ գույնը:
- Իմ 30’’ էկրանով մոնիտորը փակում է լեռների տեսարանը:
- Երբեմն, երբ ես գնում եմ խոհանոց՝ ինչ-որ խմիչքի հետևից, պարզվում է, որ այն նոր են դրել սառնարան, և հետևաբար այն դեռ սառը չէ: Ինչպե՞ս աշխատել սրանից հետո:
- Իմ աշխատասենյակի բազմոցը շատ փոքր է՝ այնտեղ հարմար չէ պառկել:
- Ես գիրանում եմ, քանի որ օֆիսում անվճար ուտելիքները անսահմանափակ են, ու ես անընդհատ ուտում եմ:

- Երբ ես գործուղմամբ այլ օֆիսներ եմ գնում, ես չեմ կարողանում ոչ մի բան ընտրել այնտեղի ճաշարաններում, քանի որ մենյուն ինձ անծանոթ է:
- Մինչև ես սովորում եմ իմ աշխատանքային սմարթֆոնին, ընկերությունը ինձ նոր հեռախոս է տալիս, ու ես ստիպված եմ լինում զրոյից սովորել, թե ինչպես այն օգտագործել:
- Մեր խաղասենյակում միայն մեկ բինբեգ կա, այնպես որ ես մեկ-մեկ ստիպված եմ լինում Call of Duty խաղալիս սովորական աթոռին նստել:
- Մեր շենքի խաղասենյակում ավտոմատները քիչ են, ու ես ստիպված գնում եմ կողքի շենքը, որպեսզի խաղամ:

- Ես արդեն 3 ամիս է, ինչ չեմ ստացել անվճար շապիկներ:
- Խոհարարը իմ սուշիի մեջ քիչ էր սոուս լցրել:
- Իմ աշխատատեղը երկու ճաշարանների մեջտեղում է, ու ես չգիտեմ, թե որ մեկից օգտվեմ:
- Իմ աշխատասենյակի պատուհանից երևում է Բեյ-Բրիջը, իսկ ես կուզեի, որ երևար Ոսկե Դարպասներ կամուրջը՝ այն ավելի գեղեցիկ է:
- Առավոտները ես չեմ կարողանում հիանալ Հարբոր-Բրիջով, քանի որ ստիպված եմ լինում վարագույրները փակ պահել, որպեսզի արևը չխանգարի:
Ի՞նչ եք կարծում Google-ի օֆիսների անմարդկային պայմանների մասին: