Հունաստանում հարձակվել են թուրքական բանկի վրա, քարերով կոտրել դուռ-պատուհանները


22:50 , 21 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Հունաստանի Կոմոտինի քաղաքում գտնվող թուրքական «Ziraat» բանկի վրա հարձակում է իրականացվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բանկի մոտ և բողոքի միջոցառում կազմակերպել։ Նրանք վանկարկել են քրդամետ կոչեր և ցուցադրել հետևյալ գրությամբ պաստառներ «Մենք Սիրիայի քրդական ուժերի կողքին ենք»:

Այնուհետև ավելի քան 2 տասնյակ դիմակավոր անձինք սկսել են քարերով գրոհել բանկի շենքը՝ կոտրելով դռներ ու պատուհաններ:

Ermenihaber-ի տեղեկացմամբ, ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է ոչ աշխատանքային ժամերին, հետևաբար տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Առայժմ պարզված չէ  հարձակում գործած անձանց ինքնությունը։

Տեղեկացնենք, որ «Ziraat» բանկը հիմնադրվել է 1863թ.։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում։ Այն հանդիսանում է թուրքական ամենախոշոր բանկերից մեկը։ Բանկը մասնաճյուղեր ունի աշխարհի 18 երկրներում։