«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները: Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները: Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահն առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»,-գրում է թերթը: