Արմեն Գևորգյան. Փոփոխությունների արդյունքում վարչապետի ապագա աշխատակազմի հաստիքների թիվը կնվազի


21:40 , 14 մարտ, 2018

Aravot.am-ը գրում է.

«Առավոտ»-ը ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից:

-Պարո´ն Գևորգյան, Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ առաջիկայում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հանրապետության նախագահի աշխատակազմում, բացի նստավայրի փոփոխությունից: 

-Այո, հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում: Այդ համալիրը և՛ խորհրդային տարիներին, և՛ Հայաստանի անկախության տարիներին մշտապես ծառայել է որպես պետական և ներկայացուցչական միջոցառումների վայր: Ըստ էության՝ այն ծառայել է նաև որպես վարչական շենք: Այսօր այնտեղ որոշակի փոփոխություններ են կատարվում անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:

Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը: Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ նախագահի լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, ապագա աշխատակազմում բացակայելու են այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են վերահսկողական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Ըստ էության՝ աշխատակազմի կառուցվածքն ամբողջովին համապատասխանեցվելու է ապրիլի 9-ից լիովին ուժի մեջ մտնող ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ Հանրապետության նախագահը իրականացնի պետության գլխի գործառույթները, ինչպես նաև Սահմանադրությամբ իրեն լիազորված այլ գործառույթներ:

-ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Դուք ընդհանուր առմամբ ներկայացրել եք նախագահի աշխատակազմում և կառավարության աշխատակազմում նախատեսվող բարեփոխումների արդյունքում հաստիքների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն: Այժմ այդ հաստիքային միավորները ամրագրված են օրենքով, կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ տրամաբանությամբ են ձևավորվել այդ թվերը:

-Ազգային ժողովում 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես տեղեկացրի, որ այդ պահի դրությամբ դեռևս շարունակվում են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կառուցվածքների և հաստիքների վերաբերյալ քննարկումները: Այսօր, երբ Ազգային ժողով են ներկայացվել համապատասխան օրենքների նախագծերը, կարող եմ տեղեկացնել, որ դրանցում արտացոլված լուծումները բխել են հետևյալ մոտեցումներից՝

1)    ձևավորվում է նոր պետական կառույց՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ինչը ենթադրում է, որ կառավարության աշխատակազմը լուծարվելու է, այսինքն` լինելու է մեկ վարչական կառույց, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Մամուլում հանդիպել եմ այս թեմայի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին՝ կարդալու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։