Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. Դատախազության պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի դիմումին


18:10 , 13 մարտ, 2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են:

Ռոբերտ Քոչարյանին որպես վկա մարտի մեկի գործով հրավիրելու և հարցաքննելու ցուցում տալու վերաբերյալ Դատախազությունը նշում է. «Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք:

2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»: