Ադրբեջանի զորավարժություններն անցկացվում են ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի խախտումով. Հայաստանի ԱԳՆ


14:10 , 13 մարտ, 2018

Ադրբեջանում ընթացող զորավարժությունները խախտում են ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը, որը վերաբերում է վստահության և անվտանգության միջոցների ամրապնդմանը:

«Հատկանշական է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը)», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

40.1.1 կետը պահանջում է տեղեկացնել ռազմական գործունեության մասին այն դեպքերում, երբ դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ` ներառյալ աջակցող զորքերը, կամ առնվազն 250 մարտական տանկ, կամ առնվազն 500 զրահապատ մարտական մեքենա, կամ առնվազն 250 ինքնագնաց և քարշարկվող հրետանային միջոց, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100մմ և ավելի տրամաչափով):

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն, որում ընդգրկված է ավելի քան 25 հազար մարդ անձնակազմ:

«Զորավարժություններում ներառված է մինչև 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի  հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր, մինչև 50 միավոր տարբեր նշանակության ավիացիա», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 17-ը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Ադրբեջանը չի տեղեկացրել ԵԱՀԿ անդամ երկրներին լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման մասին:

Մինչդեռ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ զորավարժությունները լիովին համապատասխանում են 2011թ. Վիեննայի փաստաթղթին:

«Ադրբեջանի կողմից սեփական սուվերեն տարածքում զորավարժությունների անցկացումը համապատասխանում է Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխին»,- նշել է նա: